Երիտասարդ լուսանկարիչ Ջովանա Ռիկալոն իր լուսանկարներում պատկերում է կանացի գեղեցկությունն ու առանձնահատուկ հմայքը: Ստորև ներկայացված է նրա հետ անցկացված հարցազրույցը և լուսանկարների շարքը: Նա այդ հրաշալի լուսանկարների միջոցով փորձում է բացահայտել կանացի գեղեցկության գաղտնիքը: Ինքներդ դատեք, թե որքանով է դա նրան հաջողվում:

- Մի փոքր պատմեք Ձեր մասին:
- Իմ անունը Ջովանա Ռիկալո է: Ես Սերբիայի Զրենյանին քաղաքից եմ: Ինքնուս լուսանկարիչ եմ: Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել ընդամենը 4 տարի առաջ: Սկզբում պարզապես հաճույքի համար էի լուսանկարում, սակայն 2012 թ.-ի ամռանը ես նոր ֆոտոխցիկ գնեցի ու հենց այդ ժամանակ էլ սկսեցի լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ:
- Ի՞նչը Ձեզ գրավեց լուսանկարչի մասնագիտության մեջ:
- Ինձ ամենից շատ այն միտքն էր գրավում, որ լուսանկարչության միջոցով կարող եմ հավերժացնել կյանքի անցողիկ պահերը:
- Ի՞նչն է ներշնչանքի աղբյուր հանդիսանում Ձեզ համար և օգնում ստեղծագործել:
- Ես նախապես պատկերացնում եմ, թե ինչ եմ ուզում լուսանկարել, և միայն դրանից հետո եմ իրականացնում ֆոտոսեսիան: Ես կարող եմ ներշնչվել իմ անցյալի ինչ-որ իրադարձությունից, ինչ-որ իրավիճակից, որում ես հայտնվել եմ: Մի խոսքով, առօրյա կյանքում ես ոգեշնչման բազում աղբյուրներ եմ գտնում:
- Մի փոքր կպատմե՞ք լուսանկարների վերամշակման գործընթացի մասին:
- Լուսանկարներն ավարտուն տեսքի բերելու համար ես օգտվում եմ Photoshop ծրագրից: Լուսանկարների խմբագրման համար ինձնից երբեմն մինչև 6 ժամ է պահանջվում: Ես ձգտում եմ հասնել կատարյալ արդյունքի: Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն ինչ ստացվում է ճիշտ այնպես, ինչպես նախօրոք պատկերացրել եմ: Ես ռետուշում եմ լուսանկարները, հեռացնում բծերը, սակայն ամենից շատ սիրում եմ խաղեր տալ գույների հետ:
- Ապագայի ի՞նչ նպատակներ ունեք:
- Ես իմ առջև նպատակ եմ դրել կատարելագործել իմ լուսանկարչական արվեստը, դասընթացներ կազմակերպել սկսնակների համար, ինչպես նաև իմ գիտելիքներով ու փորձով կիսվել այլ լուսանկարիչների հետ:
- Հարցազրույցի ավարտին ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:
- Համառ եղեք և մի հանձնվեք ոչնչի առջև: Մի հիասթափվեք զուտ այն պատճառով, որ լավ ֆոտոխցիկ չունեք: Լավ լուսանկարը ոչ թե լավ ֆոտոխցիկից, այլ լավ գաղափարից է կախված: Պարզապես փորձեք կրեատիվ լինել:




















