Պարբերաբար առիթ եմ ունենում սրա մասին խոսել անհատական զրույցների ժամանակ: Ձեզ էլ ասեմ.
Հարգելիներս, խճճված կամ սեփական գնահատմամբ անելանելի վիճակում գտնվող մարդիկ: Մի կանչեք հոգիներ, մի ձգտեք տրանսի մեջ մտնել, խուսափեք մեդիումներից և բոլոր այն մարդկանցից, ովքեր ասում են, որ այլ աշխարհներից են ստանում ինֆորմացիան: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա անպայման դրական արդյունք կտա, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ումից է իրականում գալիս այդ այսպես կոչված ինֆորմացիան: Մի աղոթեք ոնց պատահի, ում պատահի: Եղեք անկեղծ, ձգտեք հասնել հաջողության միայն սեփական ջանքերով և առանց ուրիշի բաժինը խլելու: Ինքնուրույն մի փնտրեք ձեր պահապան հրեշտակին: Եթե հարկ լինի, ինքը ձեզ կգտնի: Մի փորձեք խորանալ վուդուի, շամանիզմի, կախարդության մեջ: Դուք մտածում եք, թե այդպես կկառավարեք ձեր կյանքը, բայց իրականում որոշ անհասկանալի ուժեր ձեզ են կառավարում՝ դարձնելով խամաճիկ: Բացի այդ, չմոռանաք, որ ցանկացած օգնության համար պետք է վճարել: Հարցն այն է, որ դուք չգիտեք, թե ինչ «վճար» է իրականում գանձվելու ձեզանից նմանատիպ ծառայություններ ստանալու համար: Հիշեք, որ, միևնույն է, ամեն մարդ ինքն է իր քայլերի համար պատասխան տալու, անգամ եթե այդ քայլն անել նրան խորհուրդ է տվել «խորախոհ» ինչ-որ կախարդամոգաքուրմապայծառատես:
Երբեք չի կարելի ժամանակի կարճ հատվածում, հենց հիմիկվա դրությամբ գնահատել իրադարձությունը որպես դրական կամ բացասական: Դրա համար անհրաժեշտ է տեսնել ամբողջական պատճառահետևանքային կապը: Կյանքին պետք չէ նայել որպես լավ կամ վատ դեպքերի շարան: Իրադարձությունները մեզ հետ պատահաբար չեն կատարվում: Փորձեք ոչ թե մոգական քայլերով հենց հիմա լավացնել ձեր վիճակը, այլ հասկանալ, թե ինչը` ինչու տեղի ունեցավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել