
Դժվար է հավատալ, որ այս նկարները միանգամայն հարթ մակերեսի վրա են նկարվել: Վանկուվերում բնակվող նկարչուհի Ֆիոնա Թենգը մի շարք նյութերի՝ պաստելի, ակրիլային ներկերի ու փայտածուխի օգտագործմամբ սքանչելի եռաչափ նկարներ է նկարում: Թենգն Էմիլի Քարրի անվան արվեստի ու դիզայնի համալսարանում ուսանող է: Նա ի սկզբանե ընդունվել էր խեցեգործության բաժին, սակայն 3 տարի առաջ նա պարզեց, որ կավից ալերգիա ունի և սկսեց զբաղվել նկարչությամբ: Անհերքելի է, որ նա բնատուր տաղանդ ունի: Թենգի երկրպագուներն անհամբերությամբ են սպասում նրա հետագա ստեղծագործություններին:
Tumblr-ի իր էջում Թենգը պատմում է արվեստի հանդեպ տածած իր մեծ սիրո մասին. «Ես զբաղվում եմ արվեստով, քանի որ շատ եմ սիրում այն, այնքան շատ, որ չեմ կարող ապրել առանց դրա: Եթե հանկարծ մոռանում եմ ինձ հետ վերցնել նկարչական ալբոմս, ես մտովի եմ ուրվանկարներ ստեղծում: Ես ամեն ինչ իբրև սև-սպիտակ կամ գույնզգույն նկար եմ տեսնում: Գուցե ես խենթ եմ: Իմ կյանքում եղել են այնպիսի շրջաններ, երբ ես զուտ ֆիզիկապես ի վիճակի չէի նկարել: Ես այնքան էի ընկճվում դրանից: Արվեստը շրջակա աշխարհի հետ կապ հաստատելու ու այն ընկալելու միջոց է, ինչպես նաև ինքնաարտահայտման միջոց: Ես արվեստի շնորհիվ շրջակա աշխարհի առջև բացում եմ իմ ներաշխարհի դռները: Արդյունքում մարդիկ կարողանում են աշխարհը տեսնել իմ աչքերով, զգալ իմ էմոցիաները, լցվել իմ էներգիայով: Արվեստը նաև բուժական ազդեցություն է գործում ինձ վրա. նկարելիս կամ նկարներիս մասին խոսելիս ես պարզապես շողում եմ ոգևորությունից»:










