Երբ մարդն իրեն հռչակում է ինչ-որ գործի ակտիվիստ կամ, ասենք, քաղաքական գործիչ և «լծվում է պայքարի» հանուն ինչ-որ բանի, բայց անցնում է մեկ տարի, երեք տարի, տաս տարի ու ոչ մի շարժ չկա (չհաշված ֆեյսբուքյան կամ բլոգային գրառումները, անիմաստ ինչ-որ հայտարարություններ տարածելը և ոչ պակաս անիմաստ մամուլի ասուլիսներ հավաքելը), ապա կարելի է եզրակացնել, որ կա´մ այդ մարդը փուչիկ է, կա՛մ էլ իր իրական նպատակները տարբերվում են հայտարարվածներից։
Ինչպե՞ս հասկանալ՝ պայքարի ելնելու մասին հերթական ազդարարողն իսկապե՞ս պայքարի է ելել, թե հերթական պայքարիստն է, այսինքն՝ մարդ է, որի աշխատանքը բուռն պայքարի տպավորություն ստեղծելն է, բայց իրականում այլ՝ հասարակությանը չերևացող ինչ-ինչ պատվիրատուները գործն առաջ տանելն է։
Չափանիշ առաջին. շարունակականություն։ Եթե մարդն այսօր մի թեմայով է ցույցի, վաղը՝ լրիվ այլ թեմայով, հին խնդիրը չլուծած, իրեն գցում է նոր թեմաների մեջ, և մասնակցության միակ իրական չափանիշն այն է, թե ինչքանով է թեման աղմկոտ և մամուլի ուշադրության կենտրոնում, և այդ ամենն ուղեկցում է իր «հեղափոխական» լուսանկարները («ես՝ այսինչ ցույցին», «ես՝ այնինչ երթին», «ես՝ դրոշը բռնած») Ֆեյսբուքի պրոֆիլում լցնելով, ապա, մեծ հավանականությամբ, գործ ունեք հերթական փուչիկի հետ։
Չափանիշ երկրորդ. պայքարի գործիքներ։ Ցանկացած խնդիր տարբեր գործիքներով է լուծվում, ընդ որում՝ երբեմն պետք է միաժամանակ մի քանի գործիք կիրառել, բայց մարդը համառորեն ընտրում է միայն այն գործիքները, որոնք կապված են զուտ լուսաբանման ու մեդիադաշտում հայտնվելու հետ, ապա զգուշացեք... Գովազդի ոլորտում մասնագիտական մի եզր կա. pseudo-events՝ իրադարձություններ, որոնց «տեղի ունենալու» միակ նպատակը լրատվամիջոցներում լուսաբանվելն է ու համացանցով տարածվելը։ Դա կարող է լինել ֆլեշմոբ, բողոքի ցույց, անիմաստ ստորագրահավաք, կարճ ասած՝ «ակցիա»։ Եթե տվյալ ակտիվիստի զինանոցը զուտ pseudo-event-ներից է բաղկացած, ապա կրկին, մեծ հավանականությամբ, փուչիկության հետ գործ ունեք։
Չափանիշ երրորդ. արդյունք։ Սա ամենալուրջ չափանիշն է։ Անկախ գործիքից, անկախ նարցիսիզմից ու մեծ-մեծ խոսել-չխոսելուց... Եթե մարդ անընդհատ «պայքարի մեջ» է, բայց իր բարձրաձայնած խնդիրների լուծմանը տարիների ընթացքում գրեթե չի մոտենում, միաժամանակ շարունակելով լրիվ նույն գործիքներն օգտագործել, ուրեմն փուչիկ է։
Հ.Գ. Չափանիշ չորրորդ. կլորություն։ Եթե բուռն պայքարող գործչի դեմքը տարեցտարի ավելի ու ավելի կլոր է դառնում, ուրեմն զգուշացեք. սա կարող է նշանակել, որ նա ռեստորաններում ավելի շատ է ժամանակ անցկացնում, քան պայքարում ;)