1in.am-ը գրում է.
1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև զինադադարն էր:
Ինչպես ասվում է փաստաթղթում, այն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել ականջալուր լինել խելամտության ձայնին և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից:
Բիշքեկյան այդ հանդիպումից հետո՝ մայիսի 9-ին, համաձայնագիրը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
BBC-ն ներկայացրել է ծավալուն ժամանակագրություն համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
• 1994-ի մայիսի 12-ին Բիշքեկյան արձանագրությունն ուժի մեջ է մտնում:
• 1994-ի դեկտեմբերի 24-ին Ղարաբաղի Գերագույն խորհուրդը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է ԼՂՀ նախագահ:
• 1995-ի մարտի 23-ին Ղարաբաղյան հակամարության հարցով Վիեննայի համաժողովի ժամանակ ԵԱՀԿ-ին համանախագահության մանդատ է տրվում, այսպես կոչված, Մինսկի բանակցային գործընթացում:
• 1996-ի նոյեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանը դառնում է Ղարաբաղի նախագահ՝ առաջին համընդհանուր քվեարկության արդյունքում:
• 1996-ի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին այդ կազմակերպության բոլոր 54 անդամները, բացի Հայաստանից, իրենց ստորագրությունը դրեցին լիսաբոնյան համաձայնագրի ներքո: Այդ համաձայնագրի հիմնական սկզբունքները ներառում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր մակարդակով տարածք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության երաշխիքները:
• 1997-ի հունվարի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխում է ձևաչափը՝ ստանալով 3 համանախագահ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ: Այդ ձևաչափը գոյություն ունի առ այսօր, սակայն այդ եռյակում Ֆրանսիայի ներկայության առնչությամբ Ադրբեջանի դժգոհությունը բարդացրել է բանակցությունները:
• 1997-ի հուլիսի 18-ին Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին ներկայացրել են կարգավորման առաջարկների փաթեթ: Փաթեթը կազմված էր երկու համաձայնագրերից. առաջինը սահմանել է զինված ընդհարումների դադարեցման պայմանները, երկրորդը նվիրված է եղել Ղարաբաղի կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը… չի կարող սահմանվել Ադրբեջանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միակողմանի գործողություններով»,-ասվում է ներածությունում:
• 1997-ի սեպտեմբերի 8-ին՝ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, Արկադի Ղուկասյանն ընտրվեց Ղարաբաղի նախագահ:
• 1997-ի դեկտեմբերին Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության լուծման փուլային ծրագիր: Այն տարբերվում էր նախորդ փաթեթից նրանով, որ զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեին իրենց դիրքերից փուլ առ փուլ, իսկ մարտական գործողությունների շրջանում տեղակայվեին ԵԱՀԿ խաղաղապահները՝ կանխելու անսպասելի հարձակումները: Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Ղարաբաղի հետ, համաձայն ծրագրի՝ մնացել է Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար ստեղծվել է հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են այդ պլանին, սակայն Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ մերժել:
• 1998-ի փետրվարի 3-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ Ադրբեջանին չափազանց մեծ զիջումներ անելու վերաբերյալ մեղադրանքների ալիքի պատճառով:
• 1998-ի նոյեմբերի 9-ին Մինսկի խումբը հանդես եկավ միութենական պետության առաջարկով, համաձայն որի՝ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, մնալով միասնական պետության շրջանակում, պետք է ստանան հավասար կարգավիճակ: Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա հակասում է լիսաբոնյան փաստաթղթին:
• 1999-ի ապրիլի 2-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Կողմերը պայմանավորվում են կանոնավոր հանդիպումների մասին: Հաջորդ 7 ամիսներին նման 5 հանդիպում է տեղի ունենում:
• 2001-ի ապրիլի 3-7-ը Ֆլորիդայում՝ ԱՄՆ հավանու ներքո, Մինսկի խմբի շրջանակում անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցությունները:
• 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը սպանում է հայ ուսանող Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում ՄԱԿ-ի խաղաղարար ծրագրի ժամանակ:
• 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտում է ցմահ բանտարկության:
• 2007-ի նոյեմբերի 29-ին Իսպանիայի մայրաքաղաքում հռչակվում են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: Դրանք հիմնված են բռնությունից հրաժարվելու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վրա: Փաստաթուղթը ներկայացվել էր որպես 1997-ի փաթեթի և ավելի ուշ ներկայացված փուլային ծրագրի «սինթեզ»: Հաջորդող տարիներին սկզբունքները մի քանի անգամ վերանայվել են: Ադրբեջանն արդյունքում «հիմնականում» համաձայնեց 2009 թվականի տարբերակի հետ, սակայն Հայաստանն այդ առաջարկները մերժեց:
• 2008-ի մարտին տեղի ունեցան 1994-ի զինադադարի հայտարարումից հետո ամենածանր զինված բախումները: Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրեցին միմյանց տեղի ունեցածի մեջ, կողմերից յուրաքանչյուրը մարդկային կորուստներ ունեցավ:
• 2008-ի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Հռչակագրում կողմերը խոստացան շարունակել բանակցային գործընթացը, նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանն ու հաստատեցին հակամարտության քաղաքական կարգավորման հարցում իրենց հակվածությունը:
• 2010 թվականի հոկտեմբերի 27. «Աստրախանյան հռչակագիր». Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերվեց ռազմագերիների ազատման համաձայնագիր:
• 2012-ի օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովն արտաքսվեց Ադրբեջան: Մի քանի օր անց նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց նրան ներելու հրաման: Սաֆարովի ազատումն առաջացեց միջազգային քննադատության ալիք ու նախազգուշացումների առիթ դարձավ առ այն, որ դա կարող է բարդացնել հակամարտության կարգավորման հետագա գործընթացը:
«Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները կանգ են առել: Ռազմատենչ հռետորությունը շարունակում է հնչել երկու կողմերից, իսկ հակամարտության գոտում դիպուկահարների կրակից, ինչպես նախկինում, մարդիկ են զոհվում»,- եզրափակում է BBC-ն:



