Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղք գործեցի՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Մեղք գործեցի երկնքի ու Քո առաջ - Սա զղջման և դարձի եկող մեղավորի դասական աղաղակն է, որ առաջին անգամ հնչեց Ավետարանի Անառակ որդու բերանից։ Այս խոսքով հաստատվում է Ավետարանի քարոզած այն ճշմարտությունը, որ բոլոր մեղքերը, անկախ այն բանից, թե դրանք գործնականում ում դեմ են կատարվել, իրականում գործվում են Աստծո առջև և Աստծո դեմ։ Արարքի՝ Աստծո դեմ գործված լինելու հանգամանքն է, որ այն զատում է մյուս արարքներից և վերածում մեղքի։ Աստծո դեմ գործված արարքն է, որ մենք մեղք ենք կոչում։ Իրականում, մեր բոլոր գործերը կա´մ Աստծո դեմ են, կա´մ Աստծո համար. արարքները խորապես և վերջնական վերլուծելուց հետո, կտեսնենք, որ  բարոյական և կրոնական գիտակցություն ունեցող էակի համար չեզոք արարք գոյություն չունի։ Քրիստոս ասում է. «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք»:

Բոլոր մարդիկ անխտիր Աստծո  արարածներն են. և այս առումով՝ Աստծո սեփականությունն են. սեփականության հանդեպ կատարված վնասը կրում է սեփականատերը։  Փչանալու վտանգին ենթարկված գույքի կամ մահվան վտանգին մատնված կենդանու հանդեպ արտահայտված անտարբերությունը հասցեագրվում է սեփականատիրոջը։ Հետևաբար, մարդկանց նկատմամբ գործված չարիքն ու բարիքը, նրանց հանդեպ ունեցած հոգատար կամ անտարբեր կեցվածքն ուղղվում է նրանց Արարչին և Տիրոջը։ Բացի այս, Քրիստոս մարդանալով համապարփակ իմաստով եղբայրացավ մարդ արարածի հետ. բոլոր բարիքները կամ չարիքները, որոնք գործվում են մեր նմանների դեմ, կատարված են լինում նաև մարդկության Մեծ Եղբոր՝ Քրիստոսի համար կամ Նրա դեմ։ Մե´ր կողմից, մե´ր իսկ անձերի դեմ գործված մեղքերն էլ են գործվում Աստծո դեմ և Աստծո առջև։ Կյանքի Տերն Աստված է, լինի դա մեր մեջ, թե մեզանից դուրս, հետևաբար՝ ոչ ոք բարոյական կամ օրինական իրավունք չունի այդ կյանքը փչացնելու, եղծելու կամ ապականելու։ Քրիստոնեական հասկացողությամբ, բոլոր մկրտվածներս գնված ենք Քրիստոսի թանկագին արյամբ, ուստի Քրիստոսինն ենք. մեզանից որևէ մեկի դեմ կատարված մեղանչումը կատարվում է Աստծուն պատկանող էակի դեմ։ Դարձյալ, քրիստոնեական հասկացողությամբ ամեն մի մկրտված մարդ Տաճար է Սուրբ Հոգու համար, ուստի և Աստծո Հոգին է բնակվում մեր մեջ։ Որևէ անձի դեմ գործված անսրբության կամ կոպիտ արարք եղծում ու ապականում է Աստծո այդ տաճարը. հետևաբար՝ մեղքեր են՝ գործված Աստծո առաջ և Նրա դեմ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել