Միքայել Նալբանդյան (1829թ. նոյեմբերի 14 - 1866թ. մարտի 31) հայ գրող և բանաստեղծ։ Նալբանդյանը Հայաստանի Հանրապետության ազգային հիմնի բառերի հեղինակն է։
Միքայել Նալբանդյանը 1837-45թթ-ին սովորել է Նոր Նախիջևանում` ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848-53թթ-ին աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում (Քիշնև) որպես քարտուղար, 1853թ-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանում քննություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854-58թթ-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1860թ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան:
1858թ-ից Նալբանդյանը Ստեփանոս Նազարյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ տպագրվել են նրա հրապարակախոսական, քննադատական հոդվածները, վեպերը, գրական լեզվին և այլ հարցերի նվիրված աշխատությունները:
Նալբանդյանը 1860թ-ին մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունն ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է հայ մշակույթի մի շարք գործիչների, Իտալիայում՝ գարիբալդիականների, Լոնդոնում՝ ռուս վտարանդի հեղափոխականների (Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Միխայիլ Բակունին) հետ: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Այս տեսակետից Նալբանդյանն առավել կարևորել է ազգերի ազատագրական պայքարը ցարական Ռուսաստանում՝ համոզված, որ կայսրության փլուզումն ազատագրություն կբերի բազմաթիվ ազգերի, այդ թվում՝ հայերին:
1862թ-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվել է` Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: 1865թ-ին, արդեն թոքախտով հիվանդ, աքսորվել է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել