{Փիլիսոփայական երկերի հայերեն թարգմանության մասին:
Այո՛, առավոտ քշերով մի հատ խառը թեմայի հարցի շուրջ եմ գրում: Կարդում եմ Գոտֆրիդ Վիլհելմ ԼԱՅԲՆԻՑԻ - Մետաֆիզիկական երկերի հայերեն թարգմանությունը: Որ ասեմ ինչ-որ ավարտուն գործ է, իհարկե կչափազանցնեմ: Պարզապես փորձ է՝ փորձ թարգմանելու փիլիսոփայական, խորապես բարդ ու դժվարընկալելի որոշ գործեր: Նախ ասեմ, որ ռուսերեն թարգմանության վրա շատ լուրջ խումբ է աշխատել ու ցանկությունս կարդալու հայերեն տարբերակը միայն նպատակ էր հետապնդում հասկանալու թե ինչ մակարդակով է արված աշխատանքը: Որ ասեմ դիլետանտի, մեղմ ասած քիչ կասեմ: Այսպես կոչված «Մարդկային ըմբռնողության» մասին, (ի դեպ, առանձին բանավեճի թեմա է նաև այդ «ըմբռնողություն»բառը, որը նաև հիմքային տերմին է մեկ այլ հայերեն թարգմանված փիլիսոփայական երկի Դևիդ Հյումի դեպքում) հավելված երկում հարգարժան Արուս Բոյաջյանը (թարգմանիչը ֆրանսերենից) մեզ ներկայացնում է գրեթե առանց որևէ ծանոթագրությունների տեքստ, որտեղ բազմաթիվ են հակասական թարգմանությամբ հայերեն բառերը: Այդ թվում որոշ դեպքերում «հակվածություն», «ներունակություն», սուբյեկտի ու օբյեկտի մասին տարանջատումը՝ մարդկային մտածողության հարթության մասին խոսելիս չի ներկայացվում արժանի կերպով որն ինչի մասին է, բավականին երկար հատվածներում չկան փակագծերով ներկայացնող քննվող առարկայի ով լինելը կամ հավելյալ լրացում այդ մասին ծանոթագրությունով: ՉԿԱՆ լատինատառ մեջբերումների թարգմանությունները: Հավատացնում եմ ուղիղ խոսքով գրված է՝. «nihil est in entellectu, quod non fuerit in sensu-ն հիմնավորում է».. գրողը տանի դուք պատկերացնում եք՞ նման թարգմանություն իր ձեռքն առնի իմաստասիրության մեջ առաջին քայլերն անող որևէ պրոֆան. տեղն ու տեղը կթքի ԼԱՅԲՆԻՑԻ վրա ու ըստ էության ճիշտ էլ կանի: 
Չերկրացնելով ասեմ, որ պարզապես հայերեն թարգմանություններում, ոչ միայն անհրաժեշտ է փիլիսոփայական տերմինալոգիայի հակիրճ բացատրություն ամեն էջում, այլև որոշ հայադարձումների դեպքում դրանց հիմնավորում: Այսինքն, որ փիլիսոփայական տերմինն է թարգմանվել հայերեն այսպես կամ այնպես ու ինչ տրամաբանությամբ, որտեղ կարելի է գտնել դրա բացատրությունը՝ աղբյուր հղում և այլն: 
Ափսոսում եմ, որ Լայբնիցի փիլիսոփայակությունը ներկայացված է նման ցածր գրքույկի մակարդակով: }

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել