Սարա Մելոտտին «ֆեյշն» ժանրի լուսանկարիչ է: Նա լուսանկարում է շլացուցիչ արտաքինով մոդելների և իր ֆոտոսեսիաների մեծամասնությունն անցկացնում էկզոտիկ վայրերում: Նա հավատացած է, որ հաջողության գաղտնիքը տքնաջան աշխատանքն է: Ստորև ներկայացված հարցազրույցում Սարան պատմում է իր կյանքի և, անշուշտ, «ֆեյշն» լուսանկարչության առանձնահատկությունների մասին:

- Համառոտ պատմե՛ք Ձեր մասին:
- Ես 26 տարեկան եմ: Ծնունդով իտալացի եմ, սակայն ներկայումս բնակվում եմ ԱՄՆ-ում և Լոնդոնում: Ես զբաղվում եմ «ֆեյշն» լուսանկարչությամբ:
- Ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիք հետաքրքրվել «ֆեյշն» լուսանկարչությամբ:
- Ես մասնագիտությամբ պարուհի եմ, թեպետ միշտ տարված եմ եղել թե՛ նորաձևությամբ, թե՛ լուսանկարչությամբ: Երբ ես դադարեցի պարով զբաղվել, ինձ Canon 60d ֆոտոխցիկ նվիրեցին: Հենց այդ ժամանակ էլ սկսեցի զբաղվել «ֆեյշն» լուսանկարչությամբ: Իմ մտքով չէր էլ անցնում լուսանկարչության որևէ այլ ուղղություն ընտրել: Պարը իր հետքը թողել է իմ լուսանկարչական աշխատանքների վրա: Ես փորձում եմ էլենգանտ ու ռոմանտիկ մոդելներ ընտրել, ովքեր աչքի են ընկնում իրենց սլացիկ կազմվածքով և արտահայտիչ դեմքով:
- Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ կարևոր դասեր եք քաղել, որոնք Ձեզ օգնել են «ֆեյշն» լուսանկարչության ոլորտում:
- Ես հասկացել եմ, որ կարևոր է զինվել համբերությամբ ու տքնաջանորեն աշխատել: Սա ամենակարևոր դասն է, որ մինչ այժմ քաղել եմ գործունեությանս ընթացքում: Ժամանակի ընթացքում ես նաև հասկացել եմ, որ «ֆեյշն» լուսանկարչության մեջ մեծ տեղ է գրավում մոդելների հագուստը: Լինելով լուսանկարիչ՝ ես պետք է հետևեմ նորաձևության վերջին միտումներին:
- Ո՞րն է լավ դիմանկար լուսանկարելու գաղտնիքը:
- Ես չեմ հավատում, որ կա ինչ-որ գաղտնիք կամ մոգական բանաձև: Կարծում եմ, որ ամեն ինչ կախված է անհատից: Բարեբախտաբար, մենք բոլորս տարբեր ենք: Ուստի, եթե անգամ գոյություն ունենար ինչ-որ մի բանաձև, դրանից օգտվող յուրաքանչյուր լուսանկարիչ առանձնահատուկ վերջնարդյունք կստանար, որը կտարբերվեր մյուսներից:
- Ի՞նչն է ոգեշնչման աղբյուր հանդիսանում Ձեզ համար:
- Շուրջբոլորս այնքան շատ բան կա, որոնք ոգեշնչում են ինձ: Հին կինոնկարները, գեղանկարները և բնությունը ինձ օգնում են ստեղծագործել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:
- Հավատարիմ մնացեք Ձեր սկզբունքներին, տքնաջանորեն աշխատեք, համեստ եղեք և մի թույլ տվեք որևէ մեկին ասել, որ Դուք չեք կարող իրագործել Ձեր նպատակները:

































