Armnewstv.am-ը գրում է.
Միայն այս փոքր քարակույտն է հիշեցնում, որ այստեղ նախկինում եղել է Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը: 1936 թվականին կառուցված և պատմական հուշարձան համարվող շինության առանձին հատվածների փլուզումը սկսվել է ապրիլի առաջին կեսին: Ըստ նախնական գծագրի՝ նախատեսվել էր որպես հնություն պահպանել շինության ֆասադը և կողային երկու պատերը: Սակայն ապրիլի 11-ին առաջացած ճաքերի պատճառով շենքի 30 տոկոսը փլուզվում է:
Քաղաքաշինության նորանշանակ նախարարը մամուլում անդրադարձել է դպրոցի ճակատագրին: Շինարարության պետ Նորիկ Սարգսյանի հավաստմամբ՝ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել շենքի հիմքի վրա բետոն անելու համար: Սակայն ապրիլի 30-ի երեկոյան ժամը 7-ին քանդվել է նաև դպրոցի նախկին տեսքը հիշեցնող վերջին սյունը: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` տեղի ունեցածը բարբարոսություն է: «Ժառանգություն»-ը փորձելու են Երևանի քաղաքապետարանից և Երևանի ճարտարապետից բացատրություն պահանջել:
Կառավարության 2004 թ. որոշմամբ դպրոցի շենքն ընդգրկվել էր Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկ: 2013-ի օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր դպրոցը համարել շահագործման համար ոչ նպատակահարմար՝ աշակերտների քանակի շեշտակի նվազման պատճառով: Շենքն անհատույց օգտագործման էր տրամադրվել ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը կավարտվի ոչ թե այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, ինչպես նախատեսված էր, այլ ավելի ուշ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



