Օսմանյան կայսրության եւ Թուրքական Հանրապետության դարաշրջանի փաստաթղթերը փակ են, ոչնչացաված են կամ էլ չեն դասակարգվել: Այդ մասին «Bianet» կայքին տված հարցազրույցում հայտարարել է թուրք հետազոտող Մեհմեդ Փոլաթելն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանն այն մասին, որ արխիվները բաց են Հայոց ցեղասպանության հետազոտությունների համար: «Գլխավոր շտաբի արխիվները միայն թղթի վրա են բաց, սակայն գործնականում փակ են: Խնդիրներ են առաջանում նույնիսկ բաց արխիվներում այն պատճառով, որ փաստաթղթերը կամ դասակարգված չեն, կամ բացակայում են»,- նշել է Բողազիչիի համալսարանի ասպիրանտ Մեհմեդ Փոլաթելը: Այս պահին նա աշխատում է դոկտորական ատենախոսության վրա Աթաթուրքի սկզբունքների եւ թուրքական հեղափոխության պատմության ինստիտուտում օսմանյան դարաշրջանում հայերի բռնագրավված ունեցվածքի եւ հողային պահանջատիրության թեմայով: «Կան հեռագրերը, սակայն չկան պատասխաները: Նույնիսկ բաց արխիվներում փաստաթղթեր են պակասում»,- ասել է հետազոտողը: Նրա խոսքով՝ այժմ հետազոտողները օսմանյան ու հանրապետական արխիվների մուտքի հնարավորություն ունեն, որոնք գտնվում են վարչապետի Պետական արխիվում: «Մենք կարող ենք տեսնել փաստաթղթերը, այդ թվում նաեւ ոչ գաղտնի, մասնավորապես Ներքին գործերի նախարարության փաստաթղթեր, որոնք վերաբերում են ցեղասպանության դարաշրջանին: Այն, որ արխիվները բաց են, չի նշանակում, որ բոլոր փաստաթղթերն այնտեղ են: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հանրապետական դարաշրջանում արխիվներում փաստաթղթերը կամ ոչնչացվեցին, կամ գաղտնավորվեցին: Օրինակ, թեեւ նահանգապետերին եւ նրանց տեղակալներին ուղղված հեռագրերը կան, մենք չենք կարող գտնել դրանց պատասխանները: Նման թերություններն էականորեն բարդացնում են հետազոտողների աշխատանքը: Այդ կերպ անհրաժեշտ է դառնում ցեղասպանության վերաբերյալ այլ արխիվների համեմատական ուսումնասիրությունը»,- նշել է Մեհմեդ Փոլաթելը: Ինչ վերաբերում է ռազմական արխիվներին, հետազոտողը հայտարարել է. «Ռազմական արխիվներըը դե ֆակտո փակ են, բայց ես հույս ունեմ, որ վարչապետի վերջին հայտարարությունից հետո այդ արխիվները կբացվեն: Ռազմական արխիվները հետազոտողների համար բաց են միայն թղթի վրա: Օրինակ՝ հետազոտություն իրականացնելու համար պետք է հայտ ներկայացնել արխիվ, որի պատասխանը գալիս է գնահատումից մեկ ամիս հետո: Թեման, որի վրա աշխատում ես, կամ քո հայացքները կասկածելի են թվում, քեզ կարող են մերժել: Մերժման ժամանակ ոչ մի հիմնավորում չի ներկայացվում: Եթե քեզ թույլ են տալիս հետազոտություն իրականացնել, ապա թույլ են տալիս տեսնել միայն այն փաստաթղթերը, որոնք առնչություն ունեն քո թեմայի հետ: Դու չես կարող տեսնել փաստաթուղթը, որի համար հայտ ես ներկայացրել, եթե արխիվը վարողը համարի, որ այն կապ չունի քո թեմայի հետ»: Երկրորդ, Փոլաթելի խոսքով՝ ռազմական արխիվները ամբողջությամբ չեն դասակարգվել եւ կատալոգների համակարգը, ներառյալ փաստաթղթերի սեղմագրերը, փակ է հասարակության համար: «Դրա համար էլ մենք այդ արխիվներում պահվող փաստաթղթերի մասին տեղեկանում ենք նրանցից, որոնք այնտեղ հետազոտություն են իրականացնում: Իրականում դա պետք է առցանց հասանելի լիներ հասարակության համար: Բացի այդ, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչություն ունեն օսմանյան ժամանակաշրջանին, պետք է փոխանցվեն օսմանյան արխիվ: Արխիվների այդպիսի բազմազանությունը բարդացնում է հետազոտությունները»,-ամփոփել է թուրք հետազոտողը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել