«Ամեն հայ մեկ հոդված Wikipedia-յի համար» քարոզում են հեռուստաընկերություննները, հատկապես նրանք, ովքեր հայտնի տերեր ունեն։ Գաղափարը քարոզում են նաև նախարարները, ինչն իսկապես լավ է…
Մտքիս մեջ նույնիսկ գրել եմ ապագա հոդվածիս կեսը։ Բա ո՞նց, աշխարհին ցույց չտանք, թե ինչ քաղաքակիրթ ենք, հնամյա, բազմատաղանդ ու փյունիկվող….
Բայց հենց էս պահին անզորությունից, թևաթափությունից, անիմաստության ու անտերության զգացողությունից սիրտս պայթում է։ Ինչի՞ մասին գրել, գրել մեր հազարամյա մշակույթի մասին, ժառանգության պաշտպանության ու պահպանության, մեր ոգեղենության մասին…. թե այն մասին, ինչպես քաղաքի երեսից ջնջեցինք մի հսկայական մշակութային շերտ ու հիմա բետոնափոշիախառն, անկարգ, աններդաշնակ ու անկենսագրություն քաղաք ենք մոգոնում՝ ամեն կտորին նայելով ոչ թե որպես հայրենիք ու հայրենի եզերք, այլ բանկային հաշիվ ու անկշտումության տաշտ…
Ու ամեն անգամ թվում է, թե վերջ, էլ բան չմնաց, կարթնանա ներքին զսպանակը, հայը, տերը… Բայց՝ ոչ… Աճառյանի դպրոցի խոշտանգում-ոչնչացումը բոլորիս աչքիս առաջ, ինչպես և բոլոր նախորդ ոչնչացումները։ Ինչպե՛ս չանզորանալ….
Դե արի ու հոդված գրի մեր ժառանգության մասին, մեր ճարտարապետական դպրոցի ու ավանդույթների մասին, Մատենադարանի ու Աճառյան դպրոցի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մասին։
Էս ԵՐԿԻՐ-Ը, ՔԱՂԱՔ-ը ի վերջո տեր ունե՞ն։
Ինչո՞ւ եք մեր կյանքը ծանրաբեռնում չապրող Սահմանադրությամբ ու օրենքներով։
Հայրենիքը սոսկ վարչական տարածք չէ, հայրենիքը հողի ու էդ հողի հետ կապված միասնական հիշողությունն է, հողն ապրեցնելն է, ժառանգությանը ՏԵՐ լինելն է։ Մի կտրեք մեզ մեր արմատից …
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/653772854699332?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել