PanARMENIAN.Net -ը գրում է.
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Սուլհադդին Աքպերը գտնում է, որ իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունն ու նրա դեմ քննություն սկսելը պետք է դիտարկել Ադրբեջանում այլ երկրների հատուկ ծառայությունների պայքարի համատեքստում:
«Այսօր ամբողջ տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանը, ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի պատերազմ է գնում: Տարեսկզբին այդ պայքարը նոր մակարդակի հասավ: Բացի այդ, կառավարության ներսում ոչ պակաս կատաղի պայքար է գնում ռուսամետ պաշտոնյաների ու ոչ պակաս ուժեղ արևմտամետների միջև: Այս ամենը կարելի է դիտարկել այդ պայքարի համատեքստում: Հիմա Լեյլա Յունուսի գործում ոչ մի կոնկրետ բան չկա, ուստի այսօր այդ գործընթացը կարելի է բնութագրել միայն ընդհանուր խոսքերով»,-ասել է Աքպերը, հայտնում է haqqin.az-ը:
Մինչդեռ, Բաքվից արտաքսել են ֆրանսիական I-TeLe հեռուստաալիքի մոսկովյան բյուրոյի լրագրող Իրինա Վոլոշինային: Ինչպես հայտնել է haqqin.az-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, Վոլոշինան հավատարմագրման համար ԱԳՆ չի դիմել: «Ցանկացած արտասահմանցի լրագրող իր գործունեությունը մեր երկրում սկսելուց առաջ պետք է հավատարմագրվի ԱԳՆ-ում, իսկ Վոլոշինան նման խնդրանքով չի դիմել»,-պարզաբանել է Աբդուլլաևը:
Իրինա Վոլոշինան ժամանել է Բաքու մայիսի 1-ին առավոտյան ժամը 5-ին Մոսկվայից, նպատակ ունենալով հեռուստահաղորդում պատրաստել իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին: Լրագրողուհին չի հասել անցակետին, նրան կանգնեցրել են ու առանց բացատրությունների վերադարձրել ինքնաթիռ: Վոլոշինային ուղարկել են հետ Մոսկվա առավոտյան ժամը 10-ին: Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացի է:
Խոսքի ազատության հետ կապված իրավիճակն Ադրբեջում զգալիորեն վատթարացել է, և Ադրբեջանը 84 միավորով այն երկրների ցանկում է ընդգրկվել, որտեղ բացակայում է խոսքի ազատությունը: Այդ մասին ասվում է Freedom House-ի հերթական հաշվետվության մեջ:
Միևնույն ժամանակ Հայաստանի ցուցանիշը 31 միավոր է նախորդ տարվա 60-ի դիմաց, Թուրքիայինը՝ 62, Ուկրաինայինը՝ 63, իսկ Ռուսաստանինը՝ 81: Մասնակի ազատ մամուլով երկրների ցանկում հետխորհրդային երկրներից միայն Վրաստանն է ընդգրկված 49 միավորով: Ամենավատ վիճակը Չինաստանում է, Բելառուսում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում ու Ուզբեկստանում:
Իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսներին ապրիլի 29-ին իջեցրել են Դոհայով Փարիզ ուղևորվող ինքնաթիռից, չնայած, որ նրանք արդեն հատել էին սահմանակետը, նրանց եռաժամ նվաստացուցիչ զննության են ենթարկել: Հետո ձերբակալվածներին առանց բացատրության ու մեղադրանք ներկայացնելու տարել են բնակարան խուզարկության համար: Այժմ նրանցից քաղաքից չհեռանալու ստորագրություն է վերցվել:
Ավելի վաղ Ադրբեջանի Ազգային անվտանգությունը ձերբակալել էր հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:



