1in.am-ը գրում է.
Վերջին 12 տարիներին ամերիկացի հարկատուները 7.5 մլրդ դոլար են ծախսել աֆղանական թմրաբիզնեսի դեմ, սակայն կոալիցիոն ուժերի առաջիկա դուրսբերումը այդ երկրում թմրանյութերի արտադրության աննախադեպ աճ է հրահրել: Այս մասին հայտնում է The Washington Times-ը՝ հղում անելով կառավարական զեկույցին:
Ներկայում ափիոնի կակաչի արտադրությունն Աֆղանստանում հասնում է պատմական առավելագույն ցուցանիշի: Նշվում է, որ ափիոնի և հերոինի առևտուրը ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրն է:
Աֆղանստանի վերականգնման ծրագրի հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն թմրանյութերի հետ կապված իրավիճակը Կենտրոնական Ասիայի երկրում գնահատել է որպես «շատ ծանր»: Պետդեպի տվյալներով՝ երկիրն այժմ արտադրում է աշխարհում անօրինական ափիոնի 90 տոկոսը: Այդ տագնապալի գնահատականները կիսում են նաև ՄԱԿ-ում:
«Զորքերի դուրսբերման ժամկետի մոտենալուն զուգահեռ՝ այդ տվյալները հնչում են արդեն ոչ պարզապես որպես նախազգուշացում աճող սպառնալիքի մասին, այլ որպես անհապաղ գործողությունների հրատապ կոչ»,- հայտնել է Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
Կազմակերպության վերջին տվյալներով՝ ափիոնի կակաչի աճեցման համար Աֆղանստանում զբաղեցված է 209 հազար հա տարածք՝ 36 տոկոսով ավելի նախորդ մեկ տարվա համեմատ: Ջանքերը 2008-ից թույլ են տվել կրճատել այդ տարածքները մոտ 4 տոկոսով:



