Հարգելի հայրենակիցներ, Մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ՝ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ և մեծ ձեռքբերում աշխարհում:
Այսօրվա Հայաստանում և մեր իրականության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երբ հերիք չէ, որ աշխատավոր մարդիկ պայքարում են իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ծնողների և իրենց ընտանիքի անդամների առողջության համար, մնացած մասն էլ այստեղ աշխատանք չի գտնում կամ այնքան ցածր է վարձատրվում, որ աշխատանքի կարոտով մեկնում է Հայաստանից:
Կարծում եմ, որ մեր երիտասարդության մեծ մասը կցանկանար նույնիսկ 10-12-ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատել, միայն թե ունենար աշխատանք, միայն թե իր աշխատանքով կարողանար այնքան վաստակել, որ արժանավայել ապրեր իր հայրենիքում, իր ընտանիքի հետ: Այնպես որ, այսօր մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում, իսկ թե ապագայում ինչպես կտոնենք, կտոնենք, թե չենք տոնի այս օրը, արդեն կախված է մեզանից՝ յուրաքանչյուրիցս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել