Երբեք ինքս ինձ կինոյի սիրահար չեմ համարել, կինոներով չեմ հետաքրքրվել: Որ հարցնեք, կմկմալով հազիվ մի երկու ռեժիսորի ու դերասանի անուն կտամ, բայց արի ու տես, որ իմ կյանքում եղել է մի պահ, երբ շաբաթը մեկ կինոթատրոն էի գնում:
Նիդեռլանդներում ապրածս կես տարվա ընթացքում ամեն հինգշաբթի վազում էի կինոթատրոն պրեմիերա դիտելու: Հազվադեպ պատահում էր, որ պրեմիերային չէի հասցնում, ուրբաթ կամ շաբաթ էի գնում (հետևաբար ավելի թանկ էի վճարում), բայց գնում էի: Ֆիլմերը միշտ օրիգինալ լեզվով ու հոլանդերեն ենթագրերով էին ցուցադրվում: Շատ հարմար էր. ձեռքի հետ էլ հոլանդերենս էր վարժվում: Կարծիք կա, որ հոլանդացիների վարժ անգլերենի գաղտնիքը հենց ֆիլմերն օրիգինալ լեզվով դիտելու մեջ է:
Կինոթատրոնը, որը հաճախում էի, պոպկոռն չէր վաճառում ու մթնշաղասարդմարդանման ֆիլմեր չէր ցուցադրում: Այնտեղ գալիս էին հայտնի, բայց լուրջ ֆիլմեր: Պատահում էր՝ մենակ էի գնում, պատահում էր՝ դասընկերներիս հետ: Դահլիճը հաճախ կիսադատարկ էր լինում, բայց մի ֆիլմն ամիսներ շարունակ ցուցադրում էին երեկոյան ժամերին: Գալիս էի տուն, ընկերներիս ոգևորված պատմում, թե այս կամ այն ֆիլմն եմ դիտել: Իսկ նրանք սպասում էին, որ էդ նույն ֆիլմերը մի օր կինո Մոսկվան կբերի, կնայեն: Մինչև հիմա սպասում են:
Երևան գալուցս առաջ ընկերներով պայմանավորվել էինք, որ պիտի միասին «Մադագասկար 3-ը» նայենք: Մինչև եկա-հասա, մինչև «Ոսկե ծիրանը» վերջացավ, կինո Մոսկվան որոշեց որը միայն մեկ անգամ ցուցադրել, այն էլ՝ կեսօրին: Շատերի համար հաճելի չէ այդ ժամին կինոթատրոն գնալը: Էլ չեմ ասում, որ աշխատող մարդիկ չեն էլ կարող իրենց նման ճոխություն թույլ տալ: Այնուամենայնիվ, կիրակի օրով վեր կացանք, գնացինք:
Նույնիսկ այդ ժամին դահլիճը լեփ-լեցուն էր: Այսինքն, հանդիսատեսի քանակի նվազման վտանգ էլ չկար, որ ցուցադրությունն օրը մի անգամ էր դարձել: Իհարկե, զարմանալի չէր, որ այդ ժամին հիմնականում երեխաներ էին: Իսկ ամենացավալին այն էր, որ մուլտֆիլմը ցուցադրվում էր ռուսերեն: Վերջում շատ ծնողներ երեխաներին հարցնում էին. «Հասկացա՞ր մի բան»:
Խնդրում եմ՝ մի ասեք, որ թարգմանությունը մեծ փողերի հետ է կապված. կարելի է ենթագրեր անել: Խնդրում եմ՝ մի ասեք, որ թարգմանությունն անորակ կլինի. ինչքան թարգմանչական փորձ, էնքան որակյալ թարգմանություն: Ինձ մոտ տպավորություն է, որ կինո Մոսկվան Երևանի բնակչությանն ուղղակի «շպրտում» է իր ֆիլմերը, ձեռ է առնում՝ «էնքան որ մի քիչ փող աշխատենք» սկզբունքով: Չե՞ն մտածել, որ ռուսական թարգմանություններն ինտերնետում էլ են թափած, որ անհարմար ժամերին ցուցադրությունները դնելով հաճախորդ են կորցնում ու կորցնում են նաև նորմալ ֆիլմեր չբերելով: Էնքան որ անում են, որ ցույց տան, թե Երևան կինոթատրոն կա, բայց գոնե ինձ համար, անկեղծ ասած, լինելու հաշիվ չէ:
Գումա՞ր են խնայում հայերեն ենթագրեր չապահովելով: Թող մի քիչ թանկացնեն տոմսերը, թող ցուցադրությունը մի քանի ամիս տևի, թող լավ ֆիլմեր գան, ու վստահ եմ, որ կինոթատրոն հաճախողների թիվը կավելանա: Թե չէ էսպես տպավորություն է, որ կինո Մոսկվան ոչինչ չանելով փորձում է փող աշխատել, ու շատերը, չունենալով այլընտրանք տարին մի անգամ գնում են այնտեղ:
Ու քանի դեռ այս ամենը չի արվել, Հայաստանում կինո գնալու մշակույթ երբեք չի լինի, և երիտասարդները ստիպված կլինեն բավարարվել սրճարաններով ու փաբերով:



