...Ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն և տեղ հասնելուն պես Կարոտն ու Պետոն անմիջապես ներկայանում են Գետաշենի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Թաթուլ Կրպեյանին՝ քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Կարոտի ու Պետոյի առաջին, և, ցավոք, վերջին հանդիպումն էր:
...Հրաժեշտ տալով Գետաշենին ու Թաթուլին՝ խումբը «Արաբո» ջոկատի մարտիկների հետ մեկնում է Մարտունաշեն: Ի տարբերություն Գետաշենի, Մարտունաշենը չուներ գյուղի բնակիչներից կազմված ինքնապաշտպանական ուժեր: Տեղի երիտասարդները տարբեր տարիներին լքել էին գյուղը, և այնտեղ մնացել էին միայն տարեցները: Փաստորեն ընդամենը քսանինը մարտիկներից բաղկացած Սիմոն Աչիկգյոզյանի գլխավորած խումբը Մարտունաշենը պաշտպանող միակ մարտական ուժն էր:
Անջնջելի հիշողություններով լեցուն ու ուսանելի օրեր անցկացրին տղաները Դեդի հետ Մարտունաշենում:
Չնայած իր պատկառելի տարիքին՝ Սիմոնը պատանեկան ավյունով ու խանդավառությամբ էր ղեկավարում գյուղի պաշտպանության կազմակերպման աշխատանքները: Խորագետ հրամանատարի ու ազնվագույն մարդու հատկանիշներով օժտված Դեդը քաջարի ու նվիրյալ ռազմիկի մի իսկական օրինակ էր երիտասարդ զինակիցների համար:
Հետագայում տղաները, հատկապես Պետոն, Կարոտը, միշտ ջերմությամբ և ակնածանքով էին հիշում սիրելի Դեդին՝ Սիմոն Աչիկգյոզյանին: 
1991թ. ապրիլի 30-ին սկսվում է ծրագրված «Օղակ» 1-ին գործողության իրականացումը: Խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ականների զորաջոկատները մեծաքանակ զրահապատների ու մարտական ուղղաթիռների աջակցությամբ շրջափակում են Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը:
«Առավոտյան կողմն էր,- վերհիշում է Հրաչը,- մեր հերթապահության օրը, երբ ես ու Անդոն (Անդրանիկ Հովակիմյան, Նաիրիի շրջ., Պռոշյան ավանից) դիրքեր էինք փորում, լսեցինք, որ զրահապատների ձայն է գալիս: Այդ մասին տեղեկացրինք տղաներին, որոնք արագորեն հագնվեցին ու դուրս ելան: Լուսադեմին Գետաշենի կողմը գնացող հրասայլերն արդեն երևում էին: Մեկ էլ տեսանք, որ Ղուշչի-Արմավիրի կողմից մի հրասայլ եկավ, հետո մյուսները, ապա աստիճանաբար հայտնվեցին նաև զինվորականները»:
...Եթե զորքը միայն ՕՄՕՆ-ականներից կազմված լիներ, ապա խնդիրը միանգամայն հեշտ ու հասկանալի կլիներ, բայց գործ ունենալ հրասայլերով զինված խորհրդային զինվորների հետ, այլ բան է նշանակում: Իրավիճակն իրոք աննախադեպ էր, չափազանց ծանր ու պատասխանատու: Ի՞նչ պետք է արվեր: Իրենց անելիքները վերջնականապես որոշելու նպատակով Կարոտը խորհրդակցում է տղաների հետ և բոլորին ուղղում միևնույն հարցը: Կա՛մ պետք է չվախենալով խորհրդային զորքի ու հրասայլերի հետ բախվելու սպառնալիքից, համարձակորեն ընդունել մարտահրավերն ու կռիվ տալ, կա՛մ խուսափել առճակատումից և հեռնալով գյուղից՝ ժամանակավորապես պատսպարվել անտառներում, մինչև վտանգի անցնելը: Պետոն վճռական առաջարկում է. «Ոչ մի դեպքում չպետք է առանց կռվի թողնել գյուղը: Եթե մեռնելու ենք, ավելի լավ է, մեռնենք կռվելով ու պատվով»: Նույնպիսի անհողդողդ հաստատակամությամբ էին տրամադրված Կարոտն ու խմբի մյուս անդամները: Վճիռը կայացնելուց հետո տղաները ներկայանում են Սիմոն Աչիկգյոզյանին ու հայտնում իրենց որոշումը. «Դեդ, մենք որոշել ենք չթողնել գյուղը և մեր հնարավորությունների սահմաններում անպայման պիտի դիմադրենք ու կռիվ տանք»:
Ինչ խոսք, դյուրին չէր նույնիսկ առավել փորձառու Սիմոնի համար միանգամից գոտեմարտելու վճիռ կայացնելը, չէ որ ընդամենը քսանինը մարտիկներ էին, դեռևս շատ երիտասարդ, իսկ ոմանք նաև անփորձ:
«Լսելով մեզ,- վերհիշում է Հրաչը,- Դեդը փոքր-ինչ խորհելով դիմեց մեզ և ասաց. «Տղաներ, ես կգնամ ու կներկայանամ նրանց հրամանատարությանը և կասեմ, որ ես այս գյուղի ուսուցիչն եմ ու կաշխատեմ համոզել, որ նրանք գյուղ չմտնեն»»:
Սիմոնի մտահոգությունը միանգամայն պարզ էր և հասկանալի: Նա ուզում էր փորձ անել կանխել, անխուսափելի կռիվն ու արյունահեղությունը, թեկուզ և իրեն վտանգելով:
«Մենք,- շարունակում է Հրաչը,- լսելով նրան ասացինք. «Չէ՛, Դեդ, մի գնա, եթե գնաս, նրանք քեզ կսպանեն, պետք է կռվենք»»:
Վիճակն արդեն գցված էր, Դեդի ու նրա գլխավորած «Արաբո» մարտական ջոկատի որոշումը նույնպես միանշանակ էր:
... Տղաների հերոսական դիմադրությունը կատարյալ անակնկալ էր: Խորհրդային բանակի սպաների ու թուրք ՕՄՕՆ-ականների մտքով իսկ չէր կարող անցնել, որ հայ մարտիկները կհանդգնեն դիմադրություն ցույց տալ հրասայլերով զինված խորհրդային «ահեղ» բանակի զինվորներին: Կրելով զգալի կորուստ՝ թշնամու հետևակը հարկադրված դադարեցնում է գրոհները: 
Մարտունաշենի պաշտպանների հենակետերի դիրքերը ճշտելու և դրանք ոչնչացնելու նպատակով շուտով հայտնվում են նաև ռազմական ուղղաթիռները: Այս անգամ արդեն ղեկավարվելով ուղղաթիռներից հաղորդված տեղեկություններով՝ հրասայլերը ուղիղ նշանառությամբ հրանոթներից համազարկերի հեղեղ են տեղում մեր մարտիկների դիրքերիին և գյուղի տների վրա: Հրասայլերի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արձակված արկերի հարվածներից ավերվում ու քանդվում են գյուղի տները:
«Պետոն,- պատմում է Մուկուչը,- (նա կռվի ժամանակ վիրավորվում է և տղաների օգնությամբ տեղափոխվում գյուղի տներից մեկը), նկատելով, որ գյուղի տները հարմար թիրախ են դարձել ուղղաթիռներից ղեկավարվող հրասայլերի համար՝ արագ կողմնորոշվելով, տղաներին առաջարկում է անհապաղ դուրս գալ և կռիվը շարունակել տներից հեռու: «Իրո՛ք, երբ տղաների օգնությամբ ես դուրս եկա տնից, հրանոթի արկը մի քանի ակնթարթ անց ընկավ այն տան վրա, որտեղից ինձ էին դուրս բերել»»:
Հակառակորդի հետևակը արժանի դաս առնելով Մարտունաշենի պաշտպաններից՝ որոշակի հեռավորությունից դիտում է գյուղի վրա շարունակվող հրետակոծությունը: Կարատվում է ամենաողբերգականը՝ հրասայլից արձակված արկից խոցվելով՝ զոհվում է սիրելի հրամանատարը՝ Սիմոն Աչիկգյոզյանը:
Թշնամու երկաթյա օղակում մարտնչելով՝ տղաները, միաժամանակ հարմար պահեր որսալով, նայում էին Գետաշենի կողմը: «Ինձ համար,- հետագայում ասում էր Պետոն,- տագնապալի էր ու խորհրդավոր Գետաշենի լռությունը: Մենք բոլորս տեսել էինք, թե ինչպես լուսաբացին զորքն ու զրահամեքենաները շրջապատեցին Գետաշենը: Թշնամու հարձակումներից պաշտպանվելով՝ մտածում էինք, թե ի՞նչ է պատահել, որ մեզ մոտ թեժ կռիվ է, իսկ Գետաշենում՝ հանգիստ էր»:
Մարտունաշենի կռիվը, եթե չհաշվենք Նոյեմբերյանի դեպքերը, փաստորեն նրա մարտական կենսագրությունում առաջին լուրջ փորձությունն էր, այն էլ միանգամից խորհրդային զինվորների ու զրահամեքենաների դեմ: Կռվի մասնակիցների վկայությամբ, Պետոն իր համարձակությամբ ու ճարպկությամբ կարծես նմանվում էր բազմափորձ զինվորականի: Տղաները պատմում են, որ կռվի թեժ պահին նա ցատկելով տներից մեկի ցանկապատի վրայով՝ կարողացել է ճարպկորեն խուսափել դեմ հանդիման ելած օմոնականների կրակահերթից: Այն ժամանակ, երբ Թաթուլ Կրպեյանը Գետաշենում ահեղ գոտեմարտում գերեվարելով խորհրդային բանակի գնդապետին, մահվան սպառնալիքով հարկադրում էր նրան ազատել հայ զինյալներին, Մարտունաշենում կռիվը շարունակվելով՝ ավելի սպառնալի կերպարանք է ձեռք բերում: Եթե կռիվը նույն ուժգնությամբ շարունակվեր, ապա թշնամին հրասայլերից տեղացող հարվածներով կարող էր հաշված րոպեների ընթացքում ավերակույտերի վերածել ողջ գյուղը: Բնակիչները կարծելով, որ խորհրդային զինվորների և օմոնականների կողմից իրենց տները քանդելու պատճառը մարտիկների ներկայությունն է, խնդրում են նրանց դադարեցնել դիմադրությունը և թողնել գյուղը: Կարելի է հասկանալ գյուղացիներին համակած անհանգստությունը, իրոք գյուղը վերջնական կործանումից փրկելու այլ ելք գոյություն չուներ: 
Մարտունաշենի պաշտպանները տեղի տալով գյուղացիների խնդրանքին՝ որոշում են գյուղի բնակիչների խնամքին հանձնել թշնամու ինքնաձիգի գնդակից ծանր վերք ստացած Մուկուչին և աննկատելիորեն հեռանալ դեպի Շահումյանի անտառները:
«Երբ ինձ թողեցին գյուղացիների խնամքին,- պատմում է Մուկուչը,- Կարոտն ու Պետոն բացատրեցին, որ գյուղացիները կարծում են, որ իրենց ներկայությունը ստիպում է հակառակորդներին գյուղը հրասայլերով ռմբակոծել: Այդ պատճառով իրենք հարկադրված թողնում են գյուղը, չնայած եթե չլիներ գյուղացիների խնդրանքը, ապա իրենք պատրաստ էին մինչև վերջ կռվելու: Տղաները վճռականորեն պնդում էին, որ իրենք թողնում են գյուղը ավելի մեծ ուժերով վերադառնալու և այն անպայմանորեն ազատագրելու պայմանով»:
... Իր ընդգրկումով ոչ այնքան մեծածավալ կռիվը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցավ: Պետոյի գնահատմամբ, որի ճշմարտությունը ապացուցեց և ժամանակը, Մարտունաշենի դիմադրությունը ավելի քան երեք ամիս կաշկանդեց խորհրդային բանակի և թուրքերի կողմից Արցախի հյուսիսային շրջանի՝ Շահումյանի շրջանի վրա ձեռնարկվող հարձակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել