Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայերիս համար ջազը հոգեհարազատ է, ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝ այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ:
Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում, և մեր կատարողական արվեստն, անշուշտ, արժանի է առավել ուշադրության:
Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն արդեն իսկ հասցրել է սիրվել ու գնահատվել ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի օտարերկրացի բազմաթիվ հյուրերի կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել