ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
Վահրամ Փափազյանը հյուրախաղերով Լենինականում էր. բեմադրվելու էր Օթելլոն: Եղբայրս ինձ էլ տարավ: Առաջին անգամ էի թատրոնում: Լենինականի Ձորի թաղում ապրած աղջնակ, որ հանկարծ հայտնվում է թատրոնում: Տպավորված էի:
Առաջին անգամ տեսա Փափազյանին, տեսա ու ցնցվեցի: Ինձ հատկապես զարմացրեց այն, որ նրան տեսա մեկ դռան մոտ` այն բացվելիս, և մեկ էլ բեմի առաջամասում: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե քանի՞ քայլ է պետք անել դռան մոտից միանգամից բեմի սկզբնամասում հայտվելու համար...
...Փափազյանը մտքիցս դուրս չէր գալիս, նրան մի անգամ էլ տեսնելու միջոցներ էի փնտրում: Այդ մասին ասացի ռուսերենի ուսուցչուհուս` Թամարա Ալեքսանդրովնային, որը Ցոլակ Ամերիկյանի կինն էր: Ես նրա սիրելի աշակերտուհիներից էի: Եվ ընդհանրապես, լավ ասմունքում էի, ու ինձ գնահատում էին:
Թամարա Ալեքսանդրովնան լսեց ու ասաց.
_ Ցոլակին կասեմ:
Ավելի ուշ ինձ հաղորդեց նրա պատասխանը, թե ամեն մեկը չէ, որ կհամարձակվի անձամբ ծանոթանալ Փափազյանի հետ, բայց եթե Թամարայի աշակերտուհին շատ է ցանկանում, թող նշանակված օրը հյուրանոց գնա: 
Որոշեցինք մի քանի աշակերտներով հյուրընկալվել Փափազյանին: Այստեղ ևս ինձ անակնկալ էր սպասում: Հյուրանոցում էլ առաջին անգամ էի, և փափուկ բազմոցները հմայել էին ինձ. ես համեստ կյանքով ապրող բանվորի ընտանիքում էի մեծանում, իսկ այժմ շքեղություն էր շուրջբոլորս:
Ցոլակ Ամերիկյանը Փափազյանի սենյակում էր: Մեզ լավ ընդունեցին: Փափազյանը մեկ առ մեկ հարցնում էր բոլորին, թե ինչով են զբաղվում: Նկատեցի, որ թեև բոլորս աղջիկներ ենք, բայց նա «մանչ» բառով էր դիմում: Ես ամաչում էի ու թաքնվել էի վերջում, քանի որ հանդիպման «մեղավորն էի»: Երկյուղ էի զգում, որ կարող է ինձ էլ տեսնել ու հարց ուղղել: Այդպես էլ եղավ: Փափազյանը մի փոքր շրջեց գլուխը և ինձ ցույց տալով հարցրեց.
_ Աս մանչը ի՞նչ կընե:
_ Կնոջս աշակերտուհին է և լավ արտասանում է,_ պատասխանեց Ամերիկյանը: 
Փափազյանը հարցրեց, թե ի՞նչ կարող եմ արտասանել: Ընտրեցի Ավ. Իսահակյանի «Պանդուխտ որդին»: Երբ ավարտեցի, Ամերիկյանին դառնալով` ասաց.
_ Ցոլա՛կ, մի աս մանչի՛ն լսե: Ըսե՛, թող վերջին տողը նորեն ըսե:
Կրկնեցի, որից հետո դարձյալ Ամերիկյանին ասաց, թե դեռ չէր լսել, որ որևէ ասմունքող ճիշտ արտասաներ այդ տողը. «Տես, թե աս աղջիկը ինչպես կարտասանե»: 
Հանդիպման ավարտին բարեհոգաբար հարցրեց, թե ինչ կցանկանանք: Մենք անզուգական դերասանի հետ նկարվել էինք ուզում: Ոչ միայն չմերժեց, այլև ցույց տվեց հոգու մեծությունը: Բանն այն էր, որ հյուրանոցից մինչ Կարախանի լուսանկարչատուն բավական մեծ տարածություն էր պետք անցնել: Եվ այդ մեծությունը չզլացավ, հագավ շորերն ու մեզ հետ դուրս եկավ: Հպարտությունը սրտներումս` լուսանկարվեցինք մեծն Փափազյանի հետ: Ցավում եմ, որ այսօր այդ լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման իմ մանկության օրերից:
ԼԱՈՒՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Գյումրու Մարզային գրադարանի նախկին փոխտնօրեն

Զրույցը վարեց Կարինե Զիլֆիմյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել