Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, գործում են նոր քաղաքական խաղի կանոներ, որոնք բխում են Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից։ Լրագրողների հետ զրույցում ի գիտություն բոլոր այն քաղաքական գործիչների, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, նա զգուշացրեց՝ ապագա տասնամյակում դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ «Այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, իսկ ապագա տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է լինելու»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Իսկ մինչ այդ նա նկատեց, թե Հայաստանում հասունացած նոր քաղաքական իրավիճակը կարծես դեռևս ոչ բոլորն են գիտակցում։ «Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չի վերցնելու, փաստացի նոր քաղաքական խաղի կանոների հայտարարում էր, որը մինչև վերջ չի ընկալվել: Ի՞նչ է ասել Նախագահը. ասել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում լինի պառլամենտական կառավարման համակարգ, ապա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,-հիշեցրեց նա և հավելեց, թե ավելին՝ Նախագահը նաև նշել էր, որ իր համոզմունքն է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում:
«Նաև նշեց, որ ինչպիսի կարգեր էլ ուենանք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նաև ինքը, շարունակելու է իր վճռորոշ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում։ Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Այլևս մենք թևակոխել ենք ցանցային/հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



