Երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ: Խոսքս ԱԺ նախագահի ընտրության ժամանակ տիկին Պետրոսյանի արած դիտարկման, վերջինիս՝ օպերատորներից մեկի հակադարձման ու Շուշանի պատասխանն ամփոփոխ տեսանյութի մասին է: Ինքնին հասկանալի է` տեսանյութը չեմ կցում՝ ակամա գովազդած չլինելու համար: Չգիտեմ՝ ճիշտ եմ հասկացել, թե ոչ, տա Աստված՝ սխալ հասկացած լինեմ, բայց կարծես ինչ-որ առաձնահատուկ մոտիվացիա կա վերստին Շուշանին թիրախավորելու և քննարկումներ ծավալելու: Արդեն իսկ երեկ կայքերից որոշներում տեսանյութին կից դրված տեքստերում բավական թափանցիկ երևում էր այդ մոտիվացիան հատկապես կիրառված բառապաշարից, օրինակ՝ «ջղաձգվել» և այլն: Ինչ խոսք, Շուշանը պետք է ավելի զուսպ լինի, հատկապես երբ շփվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն մյուս կողմից կարելի է հասկանալ նաև նրա զայրույթը կամ պոռթկումի պատճառները: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համացանցում կան Շուշանի` ոչ այնքան ստացված լուսանկարները: Ու ժամանակ առ ժամանակ դրանք տեղ են գտնում ամենատարբեր ԶԼՄ-ների մոտ՝ թեկուզ և իրեն` Շուշանին չվերաբերող հրապարակումներում՝ որպես հրապարակման լուսանկար: Ամենաթարմ օրինակը հանդիպել եմ մի կայքում, որի կուրացիայով զբաղվում է վերջերս ինքն իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժի «մեդիա ծանր հրետանին»: Հրապարակումը ԱԺ քառօրյայի մասին էր: Ընդ որում, նյութը դրված էր միջնորդավորված կերպով: Ու չգիտես՝ ինչու, ընտրված էր Շուշանի լուսանկարը, որն այնքան էլ ստացված չէ, ու հատկապես, որքան հիշում եմ, արվել է այն ժամանակներում, երբ տիկին Պետրոսյանն ապրում էր ընտանեկան վիշտ, մանրամասները չեմ հիշում: Հիմա: Հետևելով հղմանը՝ գնացի մայր կայք, որից վերցված է նյութը: Մայր կայքում նյութը նորմալ լուսանկարով է` ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորներից մեկի բավականին ֆոտոգենիկ լուսանկարն է: Հարց` իսկ ինչու արդեն հիշատակածս կայքը դրել է Շուշանի չստացված լուսանկարը: Երկրորդ հարցը` իսկ ինչու այդ կայքում, որին ամեն օր հետևում եմ, մինչ, ասենք, ինքնահռչակ ընդդիմադիր ուժի ընդդիմություն մտնելը, հրապարակումներում Շուշանի լուսանկարները նորմալ էին, եթե, իհարկե, դրվում էլ էին, քանի որ տևական ժամանակ է՝ Շուշանի մասին հրապարակումներ չկան՝ չհաշված, երբ Շուշանն ինքն է իր ֆեյսբուքյան էջում գրառումներ թողնում իրեն մտահոգող թեմաների մասին, իսկ հիմա արդեն դրվում են չստացված լուսանկար: Այսպիսի գործելաոճը, կարծում եմ, առնվազն գեղեցիկ չի: Քաղաքական դաշտում օպոնենտ լինելը դեռ չի նշանակում մարդուն թշնամանալ: Եթե նույնիսկ երբ մարդուն չես համակրում, ապա կարող ես լինել չեզոք. ատելը և այդ ատելությունը կամ հակակրանքը նման էժան ձևով արտահայտելը սխալ է: Էլի եմ կրկնում, գուցե սխալվում եմ ու տա Աստված, որ սխալվեմ: Սակայն փաստերը սրանք են: Հիմա: Շուշանի զայրույթն ամենևին ել անհիմն չէ, թեև այն արտահայտելու պահն ու վայրը տեղին չէր: Ու կարիք չկա թիրախավորել Շուշանին ու նրանից ստեղծել ազատ խոսքի թշնամու, երբ նման բան ուղղակի ոչ թե չկա, այլ լինել չի կարող: Ով-ով, բայց Շուշանը լավ գիտի ազատ խոսքի արժեքն ու դրա գնահատողներից է: Գոնե միայն այնքանով, որ իր քեռին` մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. խորհրդային տարիներին նույն այդ ազատության համար պայքարողներից է եղել, այն ազատության, որը մենք այսօր վայելում ենք ու հաճախ նաև գռեհկացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել