Այսօր, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:
Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը: Նրան համարում էին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը:
Նովենցը հիսունից ավելի դեր է խաղացել թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ է կատարել: Նա նկարահանվել է մոտ երեք տասնյակ ֆիլմերում, մասնավորապես` «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք»:
Աղբյուրը` News.am