Lake-Sevan1in.am-ը գրում է.

Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն քննարկման ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ Կառավարությունը, հաշվի առնելով հասարակական կարծիքը, մոտեցումները, առաջարկում է օրենքի գործողությունն այս պահին սահմանափակել՝ տեղավորել մեկ տարվա ժամկետում, իսկ առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն:

Նախագիծն ընդունվեց ձայների 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԲՀԿ-ն առաջարկել էր հինգ տարին սահմանափակել մեկ տարով: «Ընդունեք, առնվազն հասկանալի չէր, թե ինչպես է հնարավոր հինգ տարվա կտրվածքով կանխատեսում անել, չեմ կարծում, որ Նոստրադամուսն անգամ նման կանխատեսում կարող էր անել: Սա մենք համարում ենք իրավիճակային ելք, որովհետև տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են ԲՀԿ-ին՝ ասելով, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն քվեարկում է կողմ՝ հասկանալով, որ խնդիրը պիտի գլոբալ և լրջագույն լուծում ստանա»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջարկում են Սևանի մասին օրենքի համաձայն՝ Հիդրոմետին, որն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնել մշտադիտարկման արդյունքները՝ բալանսի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել