Այս օրերին, երբ արդեն գարնանային «տաքերն» ընկել են, շարքային քաղաքացիները, առավել քան երբեւէ, մտածում են, թե գլուխներն առնեն որ երկիր «կորչեն», իսկ «վերեւներում» հանգիստ, անվրդով նախարարական պորտֆելներ են բաժանում՝ առանց «մրցութային պայմանների» կամ «անգլերենի ու համակարգչի իմացության» պայմանների (քանի որ գլխավոր պայմանը կուսակցական պատկանելությունն է կամ որեւէ քաղաքական ուժի երաշխավորությունը, այսինքն՝ «դաբրոն»): Ապրիլի 24-ից հետո մարդիկ սկսեցին մտածել՝ հիմա Էրդողանի հրավերն ընդունե՞ն (որ ցեղասպանության զոհերի ժառանգներին մի կերպ ցավակցելով՝ հրավիրում էր Թուրքիայում քաղաքացիություն ստանալու), թե՞ Պուտինի հրավերով գնան Ռուսաստան՝ մշտական բնակության (ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ու ռուսերեն քննություն հանձնելու պայմանով), եւ, օրինակի համար, մեկնեն Ալթայի երկրամասը շենացնելու: Այս երկու հրավերներն էլ վտանգավոր են թե՛ ազգապահպանման, թե՛ ֆիզիկական անվտանգության տեսանկյունից: Ռուսաստանի պարագայում մի փոքր առաջընթաց կա, քանի որ ՌԴ-ում էլ մարդը կարող է պահպանել հայի իր տեսակը՝ իրավական տեսանկյունից (թեպետ աչքի տակ ունենալով այլազգիների դեմ երբեմն նկատվող պայքարը՝ ռուս ազգայնականների կողմից, որոնց դուր չի գալիս էժան աշխատուժ հանդիսացող այլազգիների առկայությունը, որպես շուկայում աշխատուժի «գին գցողներ»): Սակայն «Թուրքիո» պարագայում այն նշանակում է վերջնական կործանում հայկական արմատներից, քանի որ Թուրքիայում այլազգիների իրավունքները ոտնահարվում են, եւ միայն կրոնական փոքրամասնությունների իրավունքներն են պաշտպանվում: Ամեն դեպքում, հայն ինչքա՞ն պետք է տեղը նեղ լինի իր երկրում, որ կամավոր գնա դարավոր ու մշտարթուն ոսոխի երկրում աշխատանք փնտրի, ու հաճախ ստոր ծառայություններ մատուցի: Ռուսաստանում էլ, ազգայնականների պարբերական հարձակումներից բացի, քրեական վիճակն է վտանգավոր, ինչի մասին ամեն օր ականատես ենք լինում հենց մոսկովյան հեռուստաալիքների լուրերից, քրեական ռեպորտաժներից ու ֆիլմերից: Ու մարդիկ, եթե այսօր հանձն են առնում մեկնել Ռուսաստան՝ փող աշխատելու, աչքի առաջ ունեն այդ վտանգը, քանի որ սեփական երկրում էլ ֆիզիկական գոյությունն է վտանգված. «Ճորտ են, մերկ են եւ ստրուկ»: Իսկ «վերեւներում» փորձում են համոզել, թե ժողովրդանպաստ փոփոխություններ են արվում, եւ մանկավարժ Գալուստի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո կյանքը լավանալու է, ապրուստը դառնալու է «ձրի»: Ցավալի է նկատել, որ մի հսկայական ներուժ՝ հազարավոր քաղաքացիներ, ամիսներ շարունակ պայքարում են միայն մեկ նպատակաուղղված ծրագրի՝ կուտակային-կենսաթոշակային «պարտադիր» բաղադրիչի դեմ, իսկ մնացած կարեւոր հարցերը, որոնց թվում առաջնահերթ՝ մարդկանց ֆիզիկական գոյության պահպանման հարցը, մղվել են հետին պլան: Քաղաքական ընդդիմությունն էլ քաշվել է մի կողմ՝ ասում է «Մենք պորտֆելներ չենք ուզում», կամ «Սպասում ենք 100 օրվան, որ նոր մեր գնահատականը տանք», «Մենք մեր ծրագրերը չենք կարողանում իրականացնել, քանի որ մենք խորհրդարանում քիչ ենք»: Ու այսպես՝ մեկը կոալիցիայից դուրս է գալիս, դառնում է ընդդիմություն, մյուս ընդդիմադիրներն էլ պառակտվում են ու կամ դաշինքից են դուրս գալիս կամ ընդդիմադիր քառյակին են անհամաձայնություն հայտնում, մեկն էլ մեկնում է Թուրքիա, որ թուրքերին համոզի, որ ցեղասպանությունը ճանաչի: Իսկ մաֆիան ու հանցավոր օլիգարխիան, կոռուպցիան, տեղական «զոռբաները», մարդու իրավունքների խախտումները վավերացնող դատարաններն այդ ընթացքում շարունակում են իրենց «սեւ» գործն ու կուլ տալիս շարքային քաղաքացուն: Այս երկրում ամենից շատ տուժում են ոչ թե քաղաքական հայացքների կամ կուսակցական պատկանելության համար, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման. մարդը կարող է որեւէ կուսակցության անդամ չլինել, բայց քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալ, իր կամ ուրիշների իրավունքների համար պայքարել, ու հենց դրա համար հալածվել (այս կարգի մարդկանց թվին կարելի է դասել նաեւ քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունեցող լրագրողներին): Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների կամ տեղական «իշխանիկների» համար շատ ավելի ձեռնտու են ընդդիմադիրի շապիկով իրենց «զուռնայի տակ պարողները» (որոնք «ժողովրդավարության» պատրանք են ստեղծում), քան՝ քաղաքացիական հասարակության ակտիվը, առաջադեմ մտավորականությունը: Ցավալի է նաեւ, որ հաճախ մարդուն դարձնում են հանցագործ, հետո ասում, թե նրա իրավունքները պետք է պաշտպանվեն, սոցիալական պայմանների հետեւանքով մարդիկ զանազան հիվանդություններ են ձեռք բերում, իսկ դեղերի գները պարբերաբար բարձրանում են: Մշտապես խոսում են հաշմանդամների իրավունքներից, բայց հաշմանդամները հաճախ չեն կարողանում իրենց հաշմանդամությունն օրենքով հաստատել ու արտոնություններ ստանալ, քանի որ այս ոլորտում բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիան անպակաս են: Պարբերաբար նորանոր բացահայտումներ են արվում՝ կենսաթոշակների ու նպաստների յուրացման ոլորտում, անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում, բայց մեկ էլ խոսակցություն ես լսում, թե «պետք է 1 ամսվա նպաստի փողը գլխանց տաս, որ 6 ամիս ստանաս»: Սա նշանակում է, որ համակարգն ամբողջությամբ ցեց ընկած է, մինչեւ ուղն ու ծուծը կոռուպցիան ներծծվել է կառավարման համակարգ: Հեռուստատեսությամբ էլ քանիցս ականատես ենք եղել, որ անգամ բազմազավակ մայրեր են նպաստից զրկվել, ու միայն հեռուստատեսության միջամտության շնորհիվ է վերականգնվել նրանց նպաստը: Խորհրդային տարիներին բուհն ավարտելուց հետո շրջանավարտ մանկավարժը պետք է 2 տարի գյուղական դպրոցում աշխատեր, որ հետո քաղաքում աշխատելու իրավունք ստանար, իսկ հիմա գյուղական ուսուցիչ աշխատելու համար՝ մրցույթից բացի, նաեւ 5 տարվա ստաժ է պահանջվում: Ըստ տեղեկությունների՝ նման հայտարարությունները ձեւական բնույթ են կրում: Կամ ինչի՞ նման է, որ մարդկանց տարիների ավանդները՝ ԽՍՀՄ բանկերում պահ տված, այդպես էլ չեն վերադարձնում՝ համապատասխան փոխարժեքով ու տարիների ընթացքում առաջացած տոկոսներով, համապատասխան աշխատանքով էլ չեն ապահովում, գործազրկության նպաստները վերացնում են, բայց՝ պահանջում են թանկացած վարձեր մուծել՝ անգամ չմատուցած ծառայությունների համար: Ու մարդը սեփական երկրի վարձերի, նաեւ վարկային տոկոսների «տակից» դուրս գալու համար ստիպված է օտարության մեջ փող աշխատել՝ հազարումի վտանգներն աչքի առաջ ունենալով: Մի խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում «վերեւներում», իբր ի շահ ժողովրդի, ժողովրդի բուն հոգսերից կիլոմետրերով հեռու է: Ահա թե ինչու մարդիկ շարունակում են առաջնորդվել «Եղունգ ունես, գլուխդ քորի, ո՞ւր ա պետություն» կարգախոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել