ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն է սկսում դարձնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին` էլ ավելի կենտրոնացնելով իր ռեսուրսներն այդտեղ: Այսօր սպասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ժամանումը Ֆիլիպիններ: Նա Մանիլայում է լինելու երկօրյա այցով, որի ժամանակ նախատեսվում է, որ կստորագրվի Ֆիլիպիններում 10-ը տարով ԱՄՆ-ի ռազմական ներկայության հաստատմանը վերաբերող միջպետական համաձայնագիր: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմաբազաներն այս երկրից հանվել են ավելի քան 23 տարի առաջ, որից առաջ ամերիկացիք ավելի քան 100 տարի գտնվում էին այդ տարածքում: Այժմ, սակայն, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ առաջացել է նման պահանջ ու նպատակահարմարություն:
Չինաստանի հզորացմանն ու Հարավչինական ծովում անմիջական վտանգի ավելացման պատճառով Ֆիլիպինները համաձայնել է ԱՄՆ-ի հետ կրկին խորացնել ռազմական ոլորտում իր հարաբերությունները: ԱՄՆ-ն, ճիշտ է, ուղղակիորեն չի նշում, որ իրենց ռազմական ներկայության մեծացումը պայմանավորված է Չինաստանով, բայց այն, որ դա պատճառներից ամենակարևորն է, միանշանակ: Փոխարենը Վաշինգտոնն իր ներկայությունը բացատրում է «տարածաշրջանում կայունության պահմանման ուժեղացմամբ»:
Այս մտադրությունը, սակայն, միանշանակ չի ընդունվում ֆիլիպինցիների կողմից: Ընդդիմությունը մեղադրում է Ֆիլիպինների նախագահ Ակինոյին՝ «իմպերիալիստների խամաճիկը» լինելու մեջ: Ինչևէ, սա այդ երկրի ներքին գործն է, և թող իրենք էլ դրա մասին մտածեն և հասկանան, թե ինչն է իրենց համար ավելի նպատակահարմար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ 2012թ.-ին Չինաստանն իր վերահսկողության տակ վերցրեց Ֆիլիպինների, Չինաստանի և Թայվանի միջև վիճելի համարվող Սկարբորո Շոլ (Scarborough Shoal) կղզին: Այնպես որ, Չինաստանից վտանգ ամեն դեպքում կա:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևորությունը գնալով ավելի է մեծանում: Աշխարհի տնտեսական աճի, զարգացման վեկտորն ամբողջությամբ թեքվում է այդ ուղղությամբ: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց այդ տարածաշրջանում է գտնվում նաև Չինաստանը, ապա կարելի է ասել, որ վերոնշյալի հետ զուգահեռ, այն դառնում է բավականին պայթյունավտանգ տարածաշրջան: Այս պայմաններում ԱՄՆ-ն, լինելով առայժմ աշխարհի ամենահզոր պետությունը թե´ տնտեսական, թե´ ռազմական տեսանկյունից, իրեն ոչ մի կերպ չի կարող հեռու պահել այս տարածաշրջանից: Դեռ տարիներ առաջ էր, երբ ԱՄՆ-ից հայտարարեցին, որ իրենց առաջնահերթություններից է դառնում «մեծացնել իրենց ներկայությունը Ասիական աշխարհամասում: Այնպես որ, մենք կամաց-կամաց տեսնում ենք քայլեր, որոնք ուղղված ենք հենց այդ գաղափարի իրականացմանը:
Չինաստանը հերիք չէ այլևս տարածաշրջանային լրջագույն խաղացող է, դեռ մի բան էլ դանդաղ, բայց հստակ քայլերով փորձում է դառնալ գերտերություն (եթե, իհարկե, արդեն չի դարձել): ԱՄՆ-ում դա շատ լավ հասկանում են և փորձում են որոշ չափով դրան հակակշռել: Ես կարծում եմ, որ ապագա աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետը լինելու է ոչ թե Եվրոպան կամ էլ Աֆրիկան, այլ հենց Ասիան: Այնպես որ, այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, կամ էլ Միջին Արևելքում կարող է և «ապերիտիվ» թվալ այն շահերի բախման, առճակատման հետ, որ կարող է լինել Ասիայի համար ապագայում:



