Անգլիական գրող Ջեֆրիսն ասել է, որ կատարյալ աղջիկ երևան է գալիս հարյուր հիսուն տարին մեկ անգամ: «Այդ գանձն ստեղծում են երկրի ու օդի բոլոր թովչանքները: Ե՛վ հարավային զեփյուռը, որ մեկ ու կես դար փչում է ցորենի դաշտերի վրա, և՛ բարձր խոտերի բուրմունքը, որոնք օրորվում են երեքնուկի մեղրալից ծանր գլխիկների ու բերինիկի ծիծղուն ծաղիկների վրա, ծածկում են սերինոսին և փակում մեղվի ուղին, և՛ վարդի թփերի դալար ցանկապատերը, և՛ մատղաշ ցախկեռասը, և՛ կապուտակ տերեփուկները ոսկեփայլ արտի մեջ, և՛ կանաչ եղևնիների ստվերը: Ամբողջ հմայքը մարմանդ գետակների, որոնց ափերին դեպի արև են ձգվում հիրիկները, մթին անտառների ամբողջ տիրական գեղեցկությունը, բոլոր հեռավոր բլուրները, որոնցից քեմոնի ու ազատության շունչ է բուրում – այս ամենը նորից ու նորից կրկնվում է հարյուրավոր տարիներ:
Գարնանածաղիկները, զանգակածաղիկները, մանուշակները, ծիրանի գարունը, ոսկե աշունը, արևի լույսը, հորդ անձրևները և ցողաթաթավ առավոտները, անմահ գիշերները, նորից ու նորից հարյուր տարի կրկնվում է անընդհատ հոսող ժամանակի ամբողջ շրջանը: Չգրված տարեգրություն, որը ոչ ոք գրել չի էլ կարող. ո՞վ կարող է պատմել հարյուր տարի առաջ թափված վարդի թերթիկների մասին: Հարյուր անգամ ծիծեռնակները վերադառնում են կտուրի տակի իրենց բույնը, հարյուրավոր անգամ: Բայց ահա աղջիկը երևաց, և ամբողջ աշխարհը ծարավի է նրա գեղեցկությանը, ինչպես այն ծաղիկների, որոնք արդեն չկան: Նրա տասնյոթ տարու թովչանքի մեջ դարերի հմայքն է: Ահա թե ինչու նրա հարուցած կրքի մեջ թախիծ է թաքնված»:
Եթե դուք հասկացել ու գնահատել եք հարյուր անգամ կրկնված անտառային զանգակածաղիկների հմայքը, եթե վարդերը, երաժշտությունը, շառագուն լուսաբացն ու մայրամուտը երբևիցե ստիպել են, որ ձեր սիրտն ավելի ուժգին բաբախի, եթե այդ ամբողջ գեղեցկությունն անցողիկ է և ահա այն, նախքան աշխարհը դուրս կփախչի ձեզանից, ձեր ձեռքն է տրված, կհրաժարվե՞ք արդյոք նրանից:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/04/blog-post_8466.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել