«Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին` «Հայկ. փախուստ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում` ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում: Ռեժիսորի հետ մեր զրույցը հիմնականում առնչվում է այս իրադարձությանը:

«ՆԻՈՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԴՈԿՈՒՄԵՆՏԱԼ ԿԻՆՈՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ»

-Պարոն Խաչատրյան, ունենալով անհաշիվ պատկառազդու մրցանակներ` հերթական մրցույթին եք մասնակցելու որպես ռեժիսոր: Արվեստագետի կյանքում գալի՞ս է մի պահ, մի վիճակ, երբ նրան առհասարակ չեն հետաքրքրում մրցույթները, մրցանակները, այս կամ այն պարգևին արժանանալ-չարժանալու հանգամանքները:
-Իսկապես էլ արվեստագետի կյանքում գալիս է մի ժամանակ, երբ արդեն այս կամ այն մրցույթին մասնակցելը անհարմար է դառնում և՛ իր, և՛ ժյուրիի համար: Երբ բավական շատ մրցանակներ ունես, երբ ճանաչված ես, անիմաստ է դառնում քեզ համար մրցույթը, եթե դա, իհարկե, Կաննի, Վենետիկի կամ Բեռլինի փառատոնը չէ: Ցանկացած փառատոնի էլ պատիվ է բերում մրցութային ծրագրում լավ ֆիլմեր ունենալը: Եթե ինքդ փառատոնի տնօրեն ես, մտածում ես նաև ուրիշի փառատոնի հաջողության մասին: «Ոսկե ծիրանի» ժամանակ էլ լինում են ռեժիսորներ, որոնք չեն ցանկանում իրենց ֆիլմերը ներկայացնել մրցութային ծրագրում, որովհետև դա բերում է ավելորդ լարվածություն: Իսկ երբ ֆիլմդ ներկայացնում ես որևէ փառատոնի` որպես կայացած ռեժիսոր, արդեն առանց մրցութային տվայտանքների վայելում ես ցուցադրությունը: Շատերի համար մրցույթի արդյունքները կարևոր չեն, շատերի համար շատ են կարևոր, հատկապես` ֆինանսական մրցանակների պարագայում: Ես այս երկուսի մեջտեղում եմ: Բավականին խաղաղվել եմ այս իմաստով, բավական շատ մրցանակներ են ստացել իմ ֆիլմերը, որպեսզի ես շահագրգռված լինեմ որևէ մրցանակով: Բացի այդ, մրցանակով շատ բան չես ապացուցում: Առաջին երկու-երեք փառատոների մրցանակները, իհարկե, կարևոր են բոլոր ստեղծագործողների համար: Դրանցից յուրաքանչյուրը մի առաջընթաց քայլ է պրոֆեսիոնալ ասպարեզում: Բայց հետագա մրցանակներն այնքան կարևոր չեն, որովհետև արդեն ամեն ինչ տեսել ես, ամեն ինչ գիտես, ինքնահաստատվելու կարիք չկա: 
-Դուք առաջին անգամ չէ, որ մասնակցում եք Նիոնի վավերագրական ֆիլմերի փառատոնին: «Կոնդ» ֆիլմը 1988-ին այդ փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Ճերմակ քաղաքը» 1989-ին ստացել է «Արծաթե սեստերցիում» մրցանակը: Հիմա նոր ֆիլմով եք ներկայանալու փառատոնին: Ո՞րն է այսօրվա Հարություն Խաչատրյանի տարբերությունը 80-ականների Հարություն Խաչատրյան մարդուց և ռեժիսորից:
-Նիոնի փառատոնը մեծ նշանակություն ունի դոկումենտալ կինոյի կյանքում և շատ լուրջ է վերաբերվում դոկումենտալ կինոյին: Հիմա ես դոկումենտալ կինոյի նոր տեսակ եմ ստեղծել: Իմ նախկին ֆիլմերն անխոս էին, որովհետև խոսքը երբեք կարևոր չեմ համարել կինոյում: Ավելի կարևորել եմ պատկերը և աղմուկը: Բայց վերջին ֆիլմերս ամբողջովին խոսքի վրա են կառուցված: Այդ ֆիլմերն արված են հատուկ հանդիսատեսի, ոչ թե ինձ համար կամ կինոյի լեզուն զարգացնելու, արվեստագետների, արվեստասերների ինչ-ինչ մղումները խրախուսելու համար: Այս ֆիլմերում ցավոտ խնդիր է բարձրացված` հայ մարդու` Հայաստանից, իր արմատներից փախչելու ցանկության թեման: Այն ինձ անհանգստացնում է և՛ որպես մտավորականի, և՛ որպես քաղաքացու, և՛ որպես հայի: Ես տասնյակ տարիներ է, ինչ ուսումնասիրում եմ այս պրոբլեմը ¥պրոբլե՞մ ասեմ, թե՞ ցավ ասեմ, թե՞…¤:
-Իրողություն ասեք:
-Այո՛, իրողություն...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել