1in.am-ը գրում է.

Գարեգին Նժդեհի փողոցի 56ա-ում՝ նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի (նախկին Կանվոլնի գործարան) հանրակացարանի 4-րդ հարկում, 57-ամյա Արփիկ Սաֆարյանը ապրում է 17 քառ. մետրանոց նեղ սենյակում՝ երկու թոռների, աղջկա, փեսայի հետ միասին:
«27 տարի Կանվոլնու կոմբինատ եմ աշխատել, մի կերպ ձեռք եմ բերել 16 քառակուսին, բրիգադիր էի, ջուլհակուհի: Արդեն 28 տարի է՝ ապրում եմ 16 քառ. մետրի վրա, լողանալու պայմաններ չկան, զուգարան՝ նույնպես, երկաթյա տաշտը դնում եմ, կիպտիելնիկ են գցում, որ լողանանք: Ձեռները ճար լինի, ձեռքներիցս սա էլ կառնեն, կասեն՝ փողոցում ապրեք»,-ասաց Արփիկ Սաֆարյանը:
Մի սենյակում հինգ հոգի ապրում են, հաց ուտում, քնում: Իհարկե, ցանկություն կա աղջիկ երեխա ունենալու, բայց ինչպե՞ս...
«Ո՞նց բերեն, ոնց պահեն: Ասում են՝ Հայաստանում աճ չկա, բայց ո՞նց անենք, ո՞նց ապրենք: Կհեռանան, բոլորը կհեռանան, ոչ մեկը չի մնա: Կարող է ծերերս մնանք, բայց երիտասարդությունը՝ ոչ: Ես էլ այլևս ճար չունեմ, պետք է ուղարկեմ ընտանիքիս Ռուսաստան»,- ասաց Արփիկ Սաֆարյանը, ով հիմա աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնում իբրև հավաքարար և ստանում է 20.000 դրամ։ 
Տիկին Արփիկի տունը նեղվածք է, շարժվելու տեղ գրեթե չկա: մեկ մահճակալ է դրված և մեկ բազմոց: Անկողնուն պառկում են աղջիկը, փեսան ու յոթամյա որդին, անմիջապես կողքը բազմոցն է, որ քնում է տիկին Արփիկը տասնամյա որդու հետ: 
«Հիմա երիտասարդությունը որ բաժանվում են, ընտանիքները որ քայքայվում են, այս պայմաններից են, իրենց ազատ չեն զգում: Թոշակը դարձրել են 63 տարեկանից, ես հինգ տարի կա մինչև թոշակ ստանամ, չգիտեմ՝ կհասցնե՞մ ուտեմ էդ փողը, թե՞ կմեռնեմ»,- ասաց Արփիկ տատիկը՝ ցույց տալով մեծ զոբը, որը բարակ և երկար վզի վրա դուրս էր ցցվել փոքր գնդակի պես:
Ցույց տալով երկու թոռներին՝ նախկին ջուլհակուհին ասաց, որ երկու զինվոր է տալու պետությանը, բայց այսօր այդ երկու զինվորները զուրկ են կենցաղային տարրական պայմաններ ունենալու հնարավորությունից: 
«Փեսայիս աշխատավարձը 110.000-ից 80 հազար դրամ է դարձել կեսաթոշակային էս բարեփոխումներից, կապրի՞ արյոք 80 հազարով ընտանիքը, որ հինգ շունչ ունի»,- հարցրեց նա:
Կանվոլնու հանրակացարանի բնակիչներին հիշում են ընտրությունից ընտրություն. «Գալիս են, ոտքներս ընկնում, իսկ մնացած ժամանակ ասում են՝ դե, Կանվոլնու հանրակացարանը չէ՞. այդ պիտակն էլ մեր ճակատին է դրված»,- ասաց տանջված կինը:
Տիկին Արփիկը մեկ անգամ է դիմել օգնության խնդրանքով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ստացել է երկու շիշ ձեթ: Իսկ վիրահատության, բուժման համար այդպես էլ հովանավոր չգտվեց: 
Օրերս շտաօգնության բժիշկները կանչով գալով՝ միկրոինֆարկտ են արձանագրել և փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն տիկին Արփիկը ստորագրությամբ հրաժարվել է, քանի որ հիվանդանոցի ու բուժման ծախսերը հոգալու խնդիր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել