Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումը շարունակվում է առանց երկու կողմերի միջև առկա լարվածության թուլացման հեռանկարի: Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված, ինչպես հիշում եք, G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանի նկատմամբ կիրառել էին պատժամիջոցներ, հատկապես Ղրիմի` Ռուսաստանին միացման համատեքստում: Այս երկրները կրկին տարածել են հաղորդագրություն, որում պատրաստակամություն են հայտնում խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները: Դատելով հաղորդագրության բովանդակությունից` դրա հիմնական պատճառը «հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունն է»: Ինչպես հաղորդվում է, G7-ի երկրները նոր պատժամիջոցների սահմանման հարցում իրենք կգործեն արագ ու համատեղ։

Փաստորեն, Ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ մոտեցումը առնվազն Արևմուտքի կողմից չի փոխվում:

Հակամարտության առաջին իսկ օրվանից Արևմուտքը խոսում է պատժամիջոցների սպառնալիքի և դրանց գործնական կիրառման լեզվով: Ռուսաստանն էլ, դրան ի պատասխան, կա՛մ պատասխանում է որոշ փոխադարձ պատժամիջոցներով, կա՛մ էլ առհասարակ արհամարհում է դրանք` առաջ տանելով իր քաղաքականությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր գալի՞ս է, թե` ոչ: Այս պարագայում չեմ կարծում, որ իրադարձությունների նման միտումը կարող է որևէ դրական արդյունքի հանգեցնել:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը Ռուսաստանին պարզապես ցանկանում է «արյունաքամ» անելով ծնկի բերել և ոչնչացնել: Բայց գիտեք՝ ինչ, երբ ինչ-որ մեկին սկսում ես մեկուսացնել, ճնշել և թողնել անելանելի վիճակում, և ըստ երևույթին, փախչելու տեղ չես թողնում, ապա այդ մարդն ակամայից հավաքվում է և սկսում է կատաղի պայքար մղել քեզ հետ` չտեսնելով որևէ այլընտրանք: Սա շատ տարրական երևույթ է: Այս կոնտեքստում ցանկանում եմ մեջբերել անտիկ ժամանակաշրջանի չինացի մեծագույն ստրատեգ Սուն Ցզիին: Նա ասում էր, որ թշնամուն երբեք չի կարելի «դեմ տալ պատին», թշնամու զորքի համար մշտապես պետք է թողնել ետ նահանջելու կամ էլ փախչելու հնարավորություն, այլապես նա քեզ հետ կմղի կատաղի պայքար և կանի դա մինչև որ կսպառի արյան վերջին կաթիլը` հասկանալով, որ դրան այլընտրանքը, միևնույնն է, մահն է:

Ասածս հետևյալ է` Արևմուտքը ստեղծում է այնպիսի պայմաններ և փորձում է Ուկրաինական հակամարտության համար Ռուսաստանին թելադրել այնպիսի լուծում, որը վերջինիս ընդունել պարզապես չի կարող: Այլ կերպ ասած՝ փոխարենն Արևմուտքն ու Ռուսաստանը փորձեն միմյանց հետ լեզու գտնել` հասնելու համար այնպիսի արդյունքի, որը թույլ կտա երկուսին էլ երեսները փրկած դուրս գալ այս ճահճից, ավելի են խորացնում իրենց միջև եղած անդունդը: Արևմուտքի կողմից պատժամիջոցների առավել խստացումը բնավ կառուցողական քայլ չէ: Այն կառուցողական չէ այն իմաստով, որ Ռուսաստանն էլ իր հերթին կա՛մ հակահարված կտա, կա՛մ էլ կշարունակի արհամարհել դրանք այնպես, ինչպես մինչ այժմ էր անում: Պուտինն իր վերջին հայտարարություններում պարզ լեզվով հասկացնել է տալիս, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանին կամք թելադրելն անհնար է և ոչ արդյունավետ:

Այնպես որ, վերը նշված G7-ի որոշումն ու դրանից բխող գործողություններն ընդամենը կխորացնեն ճգնաժամը, ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել