Եթե դու որոնում ես կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու ուղիներ` այդ հարցում քեզ կօգնի ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին: Նա իր ստեղծագործություններում շոշափել է բազմազան թեմաներ՝ սկսած արվեստից մինչև մահ: Այս հռչակավոր գրողի ստեղծագործությունների հերոսները հաճախ կյանքի հատակում գտնվող ընչազուրկ մարդիկ են: Այստեղ ներկայացված են նրա ամենահայտնի մտքերից մի քանիսը, որոնք ուղեկցվում են մեկնաբանություններով:
1. Քչով մի՛ բավարարվիր:
Ես ուզում էի նվաճել ողջ աշխարհը կամ ոչինչ:
Կանգ մի՛ առ մինչև չհասնես այն ամենին, ինչ երազում ես կամ ինչին արժանի ես: Ձգտի՛ր լավագույնին և պայքարի՛ր այնքան ժամանակ, մինչև կնվաճես այն ամենը, ինչը քեզ լիակատար երջանկություն կպարգևի: Իմաստ չունի հրաժարվել քո նպատակներից և բավարարվել երազանքների մասնակի իրագործմամբ: Այդ դեպքում դու կզղջաս, որ ժամանակին ավելի համառորեն չես պայքարել:
2. Սիրի՛ր ինքդ քեզ:
Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ:
Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ, սակայն իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Դադարի՛ր ամեն մի աննշան սխալի համար քննադատել ինքդ քեզ: Փորձիր սիրել քեզ: Սա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ինքնակատարելագործման վրա, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է դառնալ ինքդ քո ամենամեծ երկրպագուն:
3. Քաղի՛ր կյանքից առավելագույնը:
Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ:
Որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում: Նրանք հավանաբար շատ սարսափելի կյանքով են ապրում:
Ցանկանո՞ւմ ես պարաշյուտիզմով զբաղվել, սակայն երբևէ չե՞ս փորձել: Ուրեմն ժամանակն է փորձելու: Հասկացի՛ր, որ քեզ միայն մի կյանք է տրված, և ապրիր լիակատար կյանքով: Հենց հիմա ձեռնամուխ եղիր երազանքներիդ իրականացմանը: Պետք չէ այնքան հետաձգել դա, մինչև արդեն ուշ կլինի:
4. Մի՛ վախեցիր ցավից: Առանց դրա դու չես կարող երջանկություն ապրել:
Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել:
Ցավ, տխրություն, զայրույթ… Նմանատիպ բացասական զգացողությունները կարող են սարսափելի տառապանք պատճառել: Այնուամենայնիվ, անհնար է լիարժեքորեն գնահատել դրական էմոցիաները, մինչև որ չանցնես տառապանքի միջով: Այսպիսով, երբ հասնում ես ժայռի ամենաստորին կետին, հիշի՛ր, որ դրանից հետո քեզ բարձունքներ են սպասում: Այն ցավը, որն ապրում ես հիմա, միայն ավելի կքաղցրացնի այն երջանկությունը, որը քեզ սպասվում է ապագայում:
5. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես:
Առավոտյան անկողնուց վեր կենալիս երբեմն մտածում ես. «Ես չեմ կարողանա հաղթահարել ստեղծված խոչընդոտը», սակայն հետագայում ծիծաղում ես՝ հիշելով այն բոլոր դեպքերը, երբ այդ կերպ ես մտածել:
Կյանքը լի է փորձություններով ու դժվարություններով: Դու գիտես այդ մասին: Դու հավանաբար ինքդ էլ բազմիցս անցել ես դրանց միջով: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվում է հաղթահարել այդ դժվարությունները: Գուցե դու էլ նրանցից մե՞կն ես, իսկ եթե ոչ, դեռ ուշ չէ համալրել նրանց շարքերը: Միշտ հիշի՛ր, որ դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Այդ դեպքում անգամ ամենածանր փորձություններն ավելի հեշտ կթվան:
6. Մի՛ վախեցիր մահից:
Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն ես հանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև, ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստ կլինեմ»:
Մահն անխուսափելի է, ուստի ինչո՞ւ պետք է կյանքդ անցկացնես դրա մասին մտահոգվելով: Մահից վախենալու փոխարեն վայելի՛ր այն կյանքը, որը տրված է քեզ: Այդ պարագայում դու շատ ավելի երջանիկ կլինես:



