Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպումների շարքը: Ինչպես հիշում եք, առաջին օրը` ապրիլի 24-ին, նախագահ Սարգսյանը ևս ելույթ ունեցավ և ուղղակիորեն անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին և փակված սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ևս ներկա էր այդ հանդիպմանը, շտապեց արագ կանգնել Թուրքիայի «թասիբին»: Ալիևը, սովորության համաձայն, սկսեց «լացուկոծը» իրենց, այսպես ասած, «օկուպացված տարածքների մասին»` ներկայացնելով դրանք որպես հիմնական պատճառ հայ-թուրքական սահմանի փակման համար:
Իլհամ Ալիևն իր ամբողջ ելույթի ժամանակն օգտագործեց սեփական քարոզչական նպատակներով` խեղաթյուրելով ամբողջ պատմությունը և մեղադրելով Հայաստանին ագրեսիայի մեջ: Նա ասաց, թե իբր հենց Հայաստանի «ագրեսիան» է պատճառը, որ 1993թ.-ին Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Վերջինիս խոսքերով, Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը` «օկուպացնելով իրենց տարածքի 20%»-ը: Բայց գիտեք՝ ինչ, այս ամենի մեջ ամենահետաքրքիրը մեր հարևան երկրի ղեկավարի ելույթի վերջին մասն էր: Վերջում Ալիևը բավական վրդովված մի քանի հարց բարձրացրեց, որոնք իբր շատ են մտահոգում հասարակ ադրբեջանցուն: Օրինակ՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը ոչ մի պատժամիջոց չի կիրառում Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ Հայաստանին չեն զրկում ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, եթե Հայաստանը խախտել է միջազգային նորմերն ու կոնվենցիաները:
Կարծում եմ՝ Ադրբեջանի դիկտատորի ելույթի վերջին մասը միայն ամեն ինչ արժեր: Հենց միայն դրա համար կարելի էր անդրադառնալ այս թեմային: Փորձեմ պատասխանել Իլհամ Հեյդարօղլուին: Հարցին կպատասխանեմ հարցով: Պարոն Ալիև, Իսկ գուցե Հայաստանը ոչ մի միջազգային նորմ էլ չի՞ խախտել և դրա համար էլ ոչ մի պատժամիջոց մեր հանդեպ չի կիրառվում: Այլ կերպ ասած՝ գուցե միջազգային հանրությունը համակարծիք չէ՞ հակամարտության էության Ձեր ընկալման հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը հաշվի չառնելը կնշանակի թերի ընկալում ունենալ հակամարտության բնույթի վերաբերյալ:
Կարծում եմ՝ այսքանով կարելի է թեման փակված համարել: Թող Ալիևն ու մտահոգ ադրբեջանցիները այս հարցերի շուրջ ևս մտածեն, մինչև որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին երազանքներ կփայփայեն: