
Հայոց ցեղասպանության տարիներին գաղթի երկար ճանապարհին Մարի Էկիզյանը կորցրեց իր ամուսնուն` Գրիգորին:
Խելագարվելով՝ նա հաճախ փորձում էր փախչել այն քարանձավից, որտեղ իր երեխաների հետ թաքնվել էր թուրքերից:
Ամեն գիշեր` քնելուց առաջ, նրա որդին` Հարրին, մոր երկար ու հաստ մազերով կապում էր նրա ձեռքերը, որպեսզի նրան իրենց մոտ պահի:
Մի անգամ, սակայն, Հարրին արթնացավ ու տեսավ, որ մայրը չկա. նրան հաջողվել էր արձակել կապերն ու փախչել: Քրոջը ապահով թաքցնելով՝ նա դուրս է գալիս մորը փնտրելու, սակայն ապարդյուն:
Դրանից հետո նա այլևս երբեք չտեսավ իր մորը և քրոջը, ով նույնպես անհետացավ քաոսի մեջ:
Տարիներ անց Հարրի Էկիզյանը, հաղթահարելով ծանր մանկության հուշերն ու կյանքի դաժան փորձառությունները, պետք է պայքարեր ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Ցեղասպանությունից ողջ մնացած ծերունին, ով հիշում ու պատմում էր, թե ինչպես էին թուրքերը հավերի նման գլխատում հայերին, 1936թ.-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին հաղթեց ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը: Հարրի Էկիզյանը` նույն ինքը «Ալի Բաբան», շատ մարզիկների սարսափի առարկան էր: Իր մաքուր սափրած գլխին դրված գլխարկով նավատորմի նախկին զինվորին անվանում էին սպորտի աշխարհում ամենադաժան տեսքն ունեցող մարզիկը: Նա մեծ հաջողություններ ուներ ու հաղթանակներ էր գրանցում մեկը մյուսի հետևից՝ դրա հետ մեկտեղ հասցնելով նաև փոքրիկ դերեր խաղալ հոլիվուդյան հայտնի ֆիլմերում:

Էկիզյանների ընտանիքը 19-րդ դարում՝ Օսմանյան կայսրության օրոք / Հարրի Էկիզյանը ԱՄՆ-ում նավատորմում ծառայության ժամանակ:
Սակայն, չնայած նա ներկայացնում էր պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի կերպարը, դա միայն նրա անհատականության մի մասն էր:
էկիզյանը նվիրված հայր էր իր ընտանիքի համար ու հավատքի մեջ կայուն քրիստոնյա, ով մշտապես Աստծուն էր վերագրում ու շնորհակալություն հայտնում այն բանի համար, որ ողջ մնաց ու «ուժեղ մարդ» դարձավ: Էկիզյանը, ով իր բիրտ ու ճկուն ձեռքերով տապալում էր իր հակառակորդներին, հայտնի էր դարձել Կալիֆորնիայի կենտրոնական հովտում ներգաղթած աշխատավորներին, ինչպես նաև բիզնեսմեններին հավասարապես օգնելով՝ նրանց մերսելով ու դրա միջոցով բուժելով:
«Նա այնքան դաժան տեսք ուներ, սակայն երբ շփվում էիր Ալի Բաբայի հետ, տեսնում էիր, թե որքան բարի, նրբանկատ մարդ է»,- պատմում է Բեվերլի Կիլ Ուորելը՝ Էկիզյանի հարսը: Նրա ամուսինը՝ Գարին, ով մահացել էր 2009թ.-ին, Էկիզյանի որդեգրած որդին էր, ով մեծացել էր ըմբշամարտիկի հետ, երբ վերջինս թոշակի էր անցել իր կարիերայից:
Կալիֆորնիայում՝ Դինուբայի իր ֆերմայում, որտեղ թոշակի անցնելուց հետո Էկիզյանը անց է կացրել իր կյանքը, կարելի էր ընտանեկան լուսանկարներ ու հին թերթերի կտրած հատվածներ գտնել: Սեղանի վրա դեղնած հին թղթի վրա գրված էր.
Ես չափազանց հզոր էի, ոչ ոք չէր կարող հավատալ դրան, սակայն Աստված յուրաքանչյուրին ինչ-որ բան է տալիս:
Խնդիրը պարզապես Էկիզյանի ուժի մեջ չէր, այլ ապրելու անվախ ձգտումի` անցնելով ողբերգության ու հաղթանակի միջով, որն էլ նրան օգնեց ողջ մնալ:
Հարրի իսկական անունը Արթին Էկիզյան է, ծնվել էր սևծովյան Սամսուն նավահանգստում՝ 1901թ.-ին՝ հարուստ հայի ընտանիքում: Նրա հայրը` Գրիգորը, ծխախոտի առևտրական էր, ով աշխատում էր ծխախոտի ամերիկյան ընկերության համար: Նա հաճախ էր աշխատանքի բերումով ճամփորդում Թուքիայից Ամերիկա, ու ի վերջո ամերիկյան քաղաքացիություն է ստանում, որն էլ հետագայում կարևոր դեր է խաղում՝ օգնելով Էկիզյանին հասնել ԱՄՆ:
Երբ Օսմանյան կայսրության կառավարությունը սկսում է հայերի, հույների, ասորիների բնակչության համակարգված կոտորածները, Էկիզյանը ընդամենը 14 տարեկան էր:
Նրա հորը կախաղանով սպանում են, իսկ նա ընտանիքի հետ բռնում է գաղթի ու մահվան երկար ճանապարհը: Էկիզյանի փոքր եղբայրը ճանապարհին սովամահ է լինում, ավելի ուշ նա քրոջ ու մոր հետ թաքնվում է քարանձավում: Իսկ մորն ու քրոջը կորցնելուց հետո Էկիզյանը ստրկության է վաճառվում ու աշխատում իր արաբ տերերի համար: Նա գոյատևում էր սննդի մնացորդներով ու քնում գոմում՝ առանց անկողին ու առանց հագուստը փոխելու հնարավորության:
Չորս տարի անց նա ի վերջո փախչում է ու գտնում իր մեծ քրոջը, ով ապրում էր Կոնստանդնուպոլսում:
Իր քեռու՝ Կարապետի օգնությամբ, ով ապրում էր Դորչեստերում` Մասսում, և ով այդ տարիներին շատ հայերի էր օգնել փախչել ցեղասպանությունից, Էկիզյանը ԱՄՆ է գալիս 1920թ.-ին և շուտով սկսում աշխատել Կարապետի ձկան խանութում:
Էկիզյանը բարձրահասակ չէր, տարբեր աղբյուրներ նշում են, որ նա ընդամենը 168 սմ հասակ ուներ, ու անհամեմատելի ուժ՝ դեռ վաղ տարիքից:
Կարապետի թոռը`Չարլի Էկիզյանը, ով այժմ ապրում է Ֆլորիդայում, պատմել է, որ իր հայրը, ում անունը նույնպես Հարրի էր, ասես արջ լիներ, և նա 127 կգ էր կշռում ու կարող էր կովին բարձրացնել՝ ինչպես խաղալիք: Եվ եթե պետք է ինչ-որ մեկը ըմբշամարտիկ լիներ, դա իր հայրն էր: Ալի Բաբան ամենևին էլ ըմբշամարտիկի նման չէր: Սակայն Չարլիի հայրը սպորտի հանդեպ հետաքրքրություն չուներ, այնինչ Էկիզյանը նպատակադրվել էր լրջորեն զբաղվելու սպորտով:
Մի քանի տարի ծովամթերքի վաճառքով զբաղվելուց հետո՝ Էկիզյանը միանում է ԱՄՆ նավատորմին ու երկու տարի ծառայության անցնում: Հենց այստեղ էր, որ նա ոգեշնչված սկսեց զբաղվել ըմբշամարտով, որն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը:

Հարրի Էկիզյանը ցուցադրում է իր ապշեցուցիչ ֆիզիկական կարողությունները:
Էկիզյանը ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը հաղթել է Կոպենհագենում և 1927թ.-ին ընդունելության արժանացել Սպիտակ տանը՝ նախագահ Կալվին Քուլիջի կողմից:
Ավելի ուշ ամերիկյան ամսագրերից մեկում նրա մասին գրել են «Նավատորմի ամենաուժեղ մարդը»:
1932-ին նավատորմից դուրս գալուց հետո իր պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան սկսելու համար Էկիզյանը գալիս է Լոս Անջելոս, որտեղ նա գտնում է թե՛ սեր և թե՛ համբավ: Նա ամուսնանում է Ալիս Էղիզաբեթ Բագդոյանի հետ` Կալիֆորնիայում բնակվող հայուհու հետ, ում հետ նա երեք երեխա է ունեցել:
Զույգն ապրել է Պասադենայում, մինչ Էկիզյանը աշխատում էր մեքենայի մասերի խանութում: Այդ ընթացքում նա հասցրել է նաև նկարահանվել «Island of Lost Souls» (Կորուսյալ հոգիների կղզին), «The Man On The Flying Trapeze» (Մարդը ճախրող ճոճաձողի վրա) ֆիլմերում:

Հարրի Էկիզյանը ձախից, «Island of Lost Souls», 1932թ.:
Հենց այս ժամանակ էր, որ Էկիզյանը իր ներքին ուժը գտավ պրոֆեսիոնալ մարտարվեստով զբաղվելու համար:
Նա ոչ միայն իր ուժով էր շարժում մարդկանց զարմանքն ու հիացմունքը, այլև իր տեսքով գրավում նրանց ուշադրությունը: 1936թ.-ի ապրիլի 24-ին Դետրոիթում 8000 հանդիսատեսի առաջ տեղի ունեցած մարտը ըմբշամարտի պատմության մեջ հավերժ դրոշմեց Ալի Բաբայի կերպարը` իր բեղերով, ճաղատ գլխով, գլխարկով ու սարսափազդու «օտարականի» տեսքով:

Իր 32 տարվա կարիերայում Բաբային հաջողվել է մենամարտել 3500 մարդու հետ՝ շաբաթական վաստակելով 5000 դոլար գումար, այն ժամանակ, երբ սովորական քաղաքացու միջին աշխատավարձը տարեկան 2000 դոլար էր կազմում:

Ամբոխը Ալի Բաբայի և Էվերետ Մարշալի՝ այլ կերպ նաև «Շիկահեր արջի» հետ, 1937թ.-ի մենամարտի ժամանակ:
Ալի Բաբա անունն իր համբավը ստանալուց շատ ժամանակ չանցած՝ Էկիզյանն ու իր առաջին կինը բաժանվեցին, որից հետո Էկիզյանը հին ֆերմա է գնում ու տեղափոխվում Կալիֆորնիայի Սուլտանա բնակավայր:
Շուտով նա հանդիպում է Իլինոիսից Հենրիետային, ում առաջին անգամ տեսել էր իր քրոջ` Հելենի տանը լուսանկարում: Հելենը ամուսնու հետ Էկիզյանի հարևանությամբ էին բնակվում:
Հենրիետան՝ կրթված ու նրբագեղ, իսկ Էկիզյանը կոպիտ ու մռայլ էր, սակայն նրանք հրաշալի զույգեր էին: Հենրիետան հասկանում էր Էկիզյանին, ու իսկ էկիզյանը անչափ սիրում կնոջը:
Էկիզյանը իր խնամակալության տակ առավ նաև Հենրիետայի որդեգրած որդուն՝ Գարիին: Չնայած նրանք արյունակցական կապ չունեին, սակայն իսկական հայր ու որդի էին:

Ալի Բաբան՝ ձախից՝ սպորտի իր կոլեգաների հետ:
Էկիզյանի թոռը՝ 47-ամյա Էրիկ Էկիզյանը, պատմել է, որ նա ամեն օր 5 մղոն վազելուց, 1000 կքում ու 500 հրում վարժություններ անելուց հետո արևային լոգան էր ընդունում, նույնիսկ երբ արդեն 70-ն անց էր: Նրա սննդակարգի մեջ պարտադիր ներառված էր սխտորը, մաղադանոսը և լիմոնի տաք հյութը: Նա նաև սիրում էր պաղպաղակ ուտել: Այս մասին հիշում են թոռները:
Շուտով, առանց որևէ ֆորմալ կրթության, նա իր ըմբշամարտիկի կարիերան փոխարինեց նորով՝ իր ուժեղ ձեռքերն օգտագործելով մարդկանց բուժելու համար` դառնալով մերսող:
Նա միայն նվիրաբերություններ էր ընդունում ու օգնելու համար երբեք 5 դոլարից ավել գումար չէր վերցնում: Իրենց մեջքը բուժելու համար նրա մոտ էին գալիս նույնիսկ Լոս Անջելոսից:
Էկիզյանի մյուս թոռը՝ Գարեթ Ուերելը, հիշում է, թե ինչպես էին դպրոցում իր ընկերները պատմում, որ Ալի Բաբան իրենց ներգաղթած ծնողներին մրգերի դաշտում աշխատելուց հետո օգնում վերականգնել ուժերը՝ մերսելով նրանց:
Մինչ 1981թ.-ին կաթվածից մահանալը, նա նաև հայտնի էր որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ, ով, անկախ ամեն ինչից, չարությամբ լցված չէր թուրքերի նկատմամբ:
Նա ասում էր, որ սերունդները փոխվել են, և որ չպետք է ատելությամբ լցվել մարդկանց նկատմամբ:
Նվիրված քրիստոնյա Էրիզյանը հավատում էր, որ ամենակարող ուժը, որն իր ուժի աղբյուրն է, ինքը կպատժի ցեղասպանություն իրականացրած ոճրագործներին:
Նրա հավատքն էր, որ նրան ապրելու ուժ տվեց:
Աստված միշտ հրեշտակներ է պահել իմ հետևում: Ահա թե ինչին եմ հավատում: Ալի Բաբա



