BlogNews-ը զրուցել է ամերիկաբնակ հաղորդավար և շոումեն Արա Կազարյանի հետ:

-Պրն. Կազարյան, ֆեյսբուքյան ձեր էջից տեղեկացանք, որ բազմասերիանոց նոր ֆիլմ եք նկարահանում՝ մի շարք հայ հայտնի դերասանների մասնակցությամբ: Խնդրում եմ մանրամասնել, թե դա ինչ ֆիլմ է և ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը:

-Իմ ղեկավարած ընկերությունը Լոս Անջելոսում նկարահանել է 4 սերիալ, որոնք եթեր են հեռարձակել տեղի և Հայաստանի հեռուստաընկերությունները: Արդեն մեկ տարի է, ինչ ես և իմ գործընկեր Դավիթ Ադամյանը Լոս Անջելեսում բացել ենք 24-ժամանոց հայկական հեռուստաալիք՝ New Wave Armenian TV (Նոր Ալիք TV), որը հիմնականում վերահեռարձակում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումները: Ունենք նաև մի քանի տեղական հաղորդումներ: Հաշվի առնելով, որ մեր ընկերությունը միակն է Սփյուռքում, որն արտադրել է 4 նման հաջողված նախագիծ, ու հասկանալով, որ պետք է օգտագործել նախկին փորձը, այսօր արդեն մեր ստեղծած ու ղեկավարած ալիքի համար որոշեցինք նկարահանել նոր հեռուստասերիալ, ավելի ճիշտ, բազմասերիանոց հեռուստաֆիլմ: Առաջին եթերաշրջանում կներկայացնենք 24 մաս: Եթե նախագիծն ունենա հաջողություն և արդարացնի մեր ֆինանսական ակնկալիքները՝ կլինի նաև 2-րդ եթերաշրջան: Գաղափարը կար, մնում էր լավ սցենարիստ գտնել: Առաջարկեցի իմ գործընկեր Դիանա Գրիգորյանին, ով այսօր հայտնի է իր բազմաթիվ հաջողված սերիալներով ու նախագծերով: Ի ուրախություն ինձ՝ նա համաձայնեց մեր պատվերով գրել նոր սցենար, որի հիման վրա էլ կնկարահանվի նոր բազմասերիանոց ֆիլմը: Դիանան այն վերնագրել է «Կտակով թագուհին»: Ֆիլմը նկարահանվելու բացառապես Լոս Անջելոսում:

-Ֆիլմը Հայաստանում նույնպես ցուցադրվելո՞ւ է:

-Հայաստանում եթեր հեռարձակման առաջարկ կարվի «Panarmenian media group»-ին պատկանող հեռուստաալիքներին, և ընկերության ղեկավարները կորոշեն, թե երբ և որ ալիքով այն կցուցադրեն: Իսկ Լոս Անջելոսում այն, իհարկե, կհեռարձակի «Նոր Ալիք» հեռուստաընկերությունը:

-Ի՞նչ դերասանական կազմ է խաղալու ֆիլմում: Նոր դեմքեր լինելո՞ւ են:

-Ֆիլմում կխաղան ինչպես հեռուստադիտողին արդեն ծանոթ սիրված դերասաններ, այնպես էլ նոր դեմքեր Երևանից: Նախագծում հանդես կգան Ալլա Թումանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Շառաֆյանը, Ալիս Կապլանջյանը, Շահեն Բադալյանը, Դավիթ Սեխպեյանը, Արթուր Դարբինյանը, Անջել Գայանե Մարտիրոսյանը, Սոնա Կարամյանը (Սիանա Քեյ), Նարեկ Ներսիսյանը, Սուսաննա Նիդելյանը, Մեգգի Գրիգորյանը:

-Հաջողություն ենք մաղթում ձեր բռնած գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել