Այսօր հայության համար համազգային սուգ է: Այսօր ազգովի մենք հիշում ենք 20-րդ դարի ամենադաժան և ուրույն ոճրագործությունը, որ պատահեց հենց մեր ազգի հետ: Այսօր արդեն 99 տարի է անցել, բայց մեր ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքին, որ աշխարհն անարդարացիորեն և երեսպաշտորեն չի ճանաչում դրա եղելությունն ու պատճաշ քաղաքական, և առաջին հերթին գիտական գնահատական չի տալիս այդ դեպքերին: Ասեմ ավելին, հայ ժողովուրդը ո՛չ հիմա, ո՛չ էլ 1000 տարի հետո չպետք է համակերպվի իր հանդեպ անարդար վերաբերմունքի հետ և պետք է միշտ վառ պահի իր պահանջատիրական ոգին:
Շատ է խոսվում այն մասին, որ իբր Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին, եթե ինչ-որ բան չփոխվի, եթե միջազգային հանրությունը և հատկապես Թուրքիան չճանաչի այդ դեպքերն այնպես, ինչպես որ մենք ենք ակնկալում, այլևս հնարավոր չի լինի պայքարել դրանց դատապարտման և հատուցման համար, և դրան զուգահեռ նաև կմարի հայության պայքարելու ոգին ու պատրաստակամությունը:
Նախ սկսենք նրանից, որ անկախ դեպքերի զարգացումից, ասել է թե կանցնի 100 տարի, թե՝ 500, փաստը մնում է փաստ, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները՝ հատկապես ցեղասպանությունները, վաղեմության ժամկետ չունեն և հետևաբար ասել, թե իբր մենք այլևս չենք կարողանա պայքարել արդարության հաստատման համար՝ պարզապես անգրագիտություն է: Երկրորդ՝ ինչ վերաբերում է հայության պայքարի ոգուն և պատրաստակամությանը գնալ մինչ վերջ, ապա, իմ խորին համոզմամբ այդ ոգին երբեք չի մարի, քանի դեռ չի եղել վերջնական հատուցում և դա անկախ նրանից, թե ինչքան ժամանակ կանցնի:
Ինձ ճիշտ հասկացեք, ես ծայրահեղ-ազգայնական հայացքների տեր մարդ չեմ, ով ցանկանում է արյան ծովի վերածել Ստամբուլը, կամ էլ ամբողջ Թուրքիան և վերադարձնել մեզանից խլվածը մեկ օրում և հենց հիմա: Ես առավել քան վստահ եմ, որ մեր հանդեպ իրականացված ցեղասպանությունը գնալով մեզ՝ ամբողջ հայությանը, պետք է ավելի միավորի, միաձուլի, և մեր պատմական հիշողությունը միշտ պետք է վառ պահի սերունդների գլխում հատուցման գաղափարը: Մեր ժողովուրդը պետք է համբերությամբ լցվի և հանուն հատուցման գաղափարի առաջին հերթին զարգացնի և ուժաղացնի ինքն իրեն: Դա է միակ գրավականը, որը կարող է ապագայում, անկախ նրանից դա կլինի մոտ, թե հեռու ապագայում, վերադարձնել մեզ ցանկացած կորուստ, որը հայն ունեցել է իր բազմադարյա պատմության ընթացքում: Այլ ելք պարզապես չկա: Ես հավատում եմ պայքարի և հատուցման հասնելու հենց այս ճանապարհին:
Պետք է հիշել և աշխատել, որպեսզի կարողանանք պայքարել: