Էրդողանի ցավակցական ուղերձը հայ ժողովրդին՝ կապված 1915թ. հետ, նոր որակի մոտեցում կարող է առաջ բերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համաշխարհային գիտաքաղաքական մտքում: Էրդողանը, նախ, բնականաբար, չի շեշտում ցեղասպանություն բառը, այլ՝ 1915թ. իրադարձություններ բառակապակցությունը, որը շատ երկրների, շատ պաշտոնյաների կողմից ընդունվում և օգտագործվում է Հայոց ցեղասպանության առնչությամբ: Փաստորեն, նա ուզում է հասկացնել, որ այդ տեսակետը Թուրքիան նույնպես կիսում է, այսինքն՝ այն փորձում է լուծել մի քանի խնդիր, որոնք տեղավորվում են միջազգային հարաբերությունների մի քանի հարթությունում՝
1. Քաղաքակրթական ասպեկտ. սրանով Անկարան փորձ է անում տպավորություն ստեղծել՝ իբրև թե Թուրքիայի իշխանությունը նույնպես ցավում է տեղի ունեցածի համար, ինչպես աշխարհի շատ երկրների իշխանություններ, որ Թուրքիան արդեն քաղաքակիրթ երկիր է և որևէ բարդույթ չունի պատմության հետ առերեսվելու.
2. Քարոզչական ասպեկտ. Անկարայում սկսում են հանդես գալ կոնտրսիմվոլիզմի հնարքով՝ ստեղծելով ինքնաճանաչման իլյուզիա: Հայոց ցեղասպանությունը շատ դեպքերում հանդես է գալիս Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց, հատկապես ԱՄՆ-ի կողմից, երբ այդ երկիրը աշխարհաքաղաքական հարցերում սկսում է Վաշինգտոնի պլանները գերազանցել, ուստի կարելի է հայկական հարցի մասին որոշ հիշատակումներով այդպիսի գործելաոճը դարձնել անօգուտ, որովհետև Անկարան այլև չի վախենում դրա մասին խոսելուց.
3. Քաղաքական ասպեկտ. նմանատիպ պրոֆիլակտիկ քայլերով կարելի է կանխել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ինքն արդեն ընդունում է այդ փաստը՝ այլ երկրներին դնելով անհարմար դրության մեջ, եթե փորձեն ինչ-որ նախագծեր կամ որոշումներ հրապարակել, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, հաշվարկն այնպիսին է, որ կսկսեն մտածել, թե ճանաչմանն ուղղված քայլերով իզուր հարաբերությունները փչացնում են Անկարայի հետ, քանզի վերջինս չի խուսափում այդ մասին խոսելուց:
Սակայն մի կարևոր նյուանս կար Էրդողանի խոսքում, որն արժանի է ուշադրության և ամբողջովին փոխում է նրա խոսքի կոնտեքստը: Դա հետևյալն է, որ հայերը զոհվել են Օսմանյան կայսրությունում այնպես, ինչպես կայսրության շատ ժողովուրդներ, այսինքն՝ նա հայերի ոչնչացումը կապում է Առաջին համաշխարհային պատերազմի հետ, որը խլել է Օսմանյան կայսրության այլ բնակիչների կյանք ևս, ոչ միայն հայերի: Այս միտքը միշտ էլ պտտեցվել է պաշտոնական Անկարայի կողմից, բայց այս անգամ ասվում է ավելի քողարկված ձևով՝ ողբերգության փաստի ընդունման պատրանք ստեղծելով, որպեսզի ուժեղ ռեակցիա չառաջացնի և հնարավոր լինի աստիճանաբար դրան հաղորդել քարոզչական բնույթ: Եվ դա անտեսվեց կարծես, ուշադրությունը սևեռվեց այն մտքի վրա, իբրև թե Էրդողանը խոսում է Հայոց ցեղասպանության մասին, ընդունում է տեղի ունեցած փաստը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել