Tert.am-ը գրում է.

Ամեն տարի ապրիլի 24-ին բազմամարդ է Ծիծեռնակաբերդը. երիտասարդներ ու ծերեր, մանուկներ ու մանկան սպասող մայրեր լուռ բարձրանում են Ծիծեռնակաբերդի զառիվերն ու աշխարհին նորից ու նորից անխոս պատմում 1915-ի արհավիրքը՝ 1,5 միլիոն զոհ:

Աշխարհի բազմաթիվ այլ հայաշատ մայրաքաղաքներում ու քաղաքներում և նույնիսկ փոքրաթիվ հայ համայնք ունեցող երկրներում Ցեղասպանության զոհերի ժառանգները, ու նաև այն օտարերկրացիները, ովքեր Ցեղասպանությունը համարում են մարդկության դեմ գործած մեծագույն ոճիր, մասնակցում են զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

1, 5 միլիոն անմեղ զոհեր, ցեղասպանություն վերապրածներ, հայրենազրկում, հայությանը հասցված 14,5 միլիարդ ֆրանկի չափով վնաս՝ թալանված և քանդված 2 350 եկեղեցի ու վանք, ոչնչացված 1500 դպրոց ու վարժարան...

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության սկիզբ համարվող 1915թ. ապրիլի 24-ը պատմության մեջ «նշանավորվեց» որպես շուրջ 600 հայազգի մտավորականների սպանություններով ու աքսորով. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ և այլք:

Երեք փուլով Արևմտյան Հայաստանի հայությունը կամ բնաջնջվեց տեղում իրականացրած ջարդերի ժամանակ , կամ կոտորվեց Միջագետքի անապատներում ու Դեր Զորում, ուր բռնագաղթել էր:

Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և շատ ուրիշներ իրականացնում էին երիտթուրքական կառավարության պանթուրքիստական ծրագիրը՝ Թուրքիայից մինչև Չինաստան (որն իր մեջ պիտի ներառեր Կովկասի , Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին և նախատեսում էր ազգային փոքրամասնությունների թյուրքացում՝ երազելի «Մեծ Թուրանի »-ի ստեղծման ճանապարհին), Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտ: Չկան հայերը՝ չկա նաև Հայկական հարցը։

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998թ. և 2001թ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005 թվականներին դատապարտել են ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լեհաստանի և Նիդեռլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում և Ուրուգվայում այն ընդունվել է օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում նաև այն ժխտելը քրեորեն դատապարտելի է:



Ուղիղ եթերը՝ Armnews TV-ի

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել