Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

Կառավարությունը հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով հարցը, նշեց. «Ձեր տված հանձնարարականի հիման վրա մշակվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի և 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև Սահմանադրական դատարանի` ապրիլի երկուսի ՍԴՕ 11-42 որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը, կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող և գանձվող տույժերին: Երկրորդ կետը, որ հունվար-ապրիլ ամիսների համար կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից ազատվում են գործատուն կամ քաղաքային գործակալը»:

 Նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը առաջիկա քառօրյային:

 ***

 Հովիկ Աբրահամյան.

 Հարգելի՛ գործընկերներ,

 Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ Հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:

 Դրույթներն` այստեղ;

 Այսպիսով`

• Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն:
• Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:
• Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.
-Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
-Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:
Դեմ եմ:
Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն:

 Շնորհակալություն:

 ***

 Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:

 Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը:

 Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ: Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե վաղվա, թե այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա: Այնպես որ պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:

 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը «երկար փողերի» կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:

 Վերջապես, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում էապես կարևորվում է պետության դիմադրողականության խնդիրը: Իսկ դա հնարավոր է, երբ մեծ է իշխանությունների կամ նրանց ընդունած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը: Եվ ընդհանրապես, նույնիսկ լավագույն գաղափարը հնարավոր չէ կյանքի կոչել, այն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ որ պարտադիր բաղադրիչի նկատմամբ ոչ միայն աջակցություն չկա, այլև առկա է լուրջ ընդվզում, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում: Որևէ մեկին դժվար է ապացուցել, որ պարտադրանքով հրամցվող որևէ երևույթ օգտակար է: Այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, հարցի լուծման բանալին ոչ թե ադմինիստրատիվ, պարտադրող, այլ շահագրգռող մոտեցման մեջ է, որպեսզի մարդը շոշափելիորեն զգա համակարգի առավելություններն ու ինքնակամ ընտրի այն: Մասնավորաբար, կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը, ինչը, բնականաբար, չի լինի մյուսների պարագայում: Սա միայն մեկ տարբերակն է, կարծում եմ՝ նման մի շարք տարբերակներ կարելի է գտնել ու քննարկել: Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է: Կներեք, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

 Կարեն Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

***

Երեկ` ուշ երեկոյան, Բրյուսովի անվան համալսարանի մոտ գտնվող «90’s» ակումբում ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։

 Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (ՀՏ Հայկո): Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։

 Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին ծեծկռտուքի մասին լուրը:

 4 անձ բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունից ասացին նաև, որ հետաքննություն է ընթանում:

 Ըստ hraparak.am-ի տեղեկությունների` ֆեյս-կոնտրոլ իրականացնողները Մհերին ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին: Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղամասի բնակչությունը մասնակից է դարձել դրան:

***

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ Արմեն Սարգսյանն արդեն մեկ երկու օր է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը: Արմեն Սարգսյանը կլինի ազատամարտիկների հետ կապված հարցերով խորհրդական:

 ***

 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում պատասխանեց Սևանա լճի հետ կապված ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի մտահոգությանը: Իր ելույթում ակադեմիկոսը մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով նախատեսվում է ավելացնել Սևանա լճից կատարվող ջրի բացթողումների ծավալը: Ակադեմիկոսը նաև կարծիք հայտնեց, թե այդ բաց թողնված ջուրը գնում է Ադրբեջան: Պատասխանելով ակադեմիկոսի դիտարկմանը՝ ՀՀ նախագահը վստահեցրեց, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում:

 Ջրբաշյանի մտահոգությանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով կոչ արեց Սևանա լճի վերաբերյալ մասնագիտական խոսք ասել, այլ ոչ թե հուզական: «Ազգային ժողովը Սևանի մասին օրենք է ընդունել, որով սահմանված է, թե ամեն տարի որքան պետք է բարձրացվի Սևանա լճի մակարդակը: Այդ հիմնավորումներն արել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: Մենք ի՞նչ է, ամեն տարի պետք է հիմնավորումներ անե՞նք: Եթե ցանկանում եք, կանենք ամեն տարի, սակայն դա գիտական մոտեցում չէ»,- ասաց նախագահ Սարգսյանը:

 Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, ակադեմիայի կատարած ուսումնասիրությունները հիմք ընդունելով, նախատեսել է ֆինանսական միջոցներ, այդ միջոցները ներդրվել են և ծրագիրն առաջ է շարժվում: «Այսօր մենք այդ ծրագրի բավականաչափ առաջընթաց ունենք: Եվ եթե կապված բնակլիմայական պայմանների հետ` խնդիրներ են առաջացել, ի՞նչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտը չորանա՞, որպեսզի այս տարի բերք չունենա՞նք»,- ասաց նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել խնայողաբար, օգտագործել այնպես, որ վնաս չհասցվի:

 Սերժ Սարգսյանը ակադեմիկոս Ջրբաշյանին ևս մեկ անգամ կոչ արեց Սևանի մասին գիտական խոսք ասել, այլ ոչ թե շահարկել այդ թեման: «Մեր միակ խնդիրը մեր երկրի զարգացումն է: Իհարկե, սերունդների մասին էլ պետք է մտածենք, իհարկե մեր երկրի զարգացումը պետք է ուղեկցվի առանց վնասների, սակայն չի կարելի ուղղակի շահարկել այս թեման, ես խնդրում եմ Սևանի մասին գիտական խոսք ասել»,- եզրափակեց նախագահն՝ ընդգծելով, որ թեմային անդրադարձավ, քանի որ նկատեց դահլիճում դրա նկատմամբ հետաքրքությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել