Իմ հիշողությունը ցեղասպանվածի հիշողություն չի, իմ հիշողությունը պահանջատիրություն է, իմ կամքը՝ պատմության սխալները ուղղելու վճռականություն, եւ իմ կյանքը՝ իմ ազգի ու ժողովրդի անմահության ապացույցն է...
«Հիշողություն» վեպիս մի հատված
Առավոտը բացվում էր սովորականի պես, նոր Արաբկիրի այս հատվածում հիմնականում նորեկողներն են բնակվում, եւ նրանց բոլորի տների բակերից առավոտ կանուխ նույն բույրն է գալիս` սուրճի եւ ծաղիկների, նաեւ` բուսայուղի: Նորեկողները այստեղ են հավաքվել դեռ 20-րդ դարի 46-ից ի վեր, եկել են տարբեր ճանապարհներով, տարբեր ծայրերից, բոլորն էլ ճանապարհի մեծ մասը եկել են նավով: Նավերով, ապա՝գնացքով եկել են Հայաստան, եկել են հայրենիք, ու փոշմանել են, հենց առաջին պահից են փոշմանել. «Հոս եկանք, հայրենիքնիս գտնելու, ամա ամեն բան կորսունցուցինք»:
Այսպես էին մտածում նորեկողները եւ չէին սխալվում, կորցրել էին ջարդից հետո արդեն հունատաններում կամ բուլղարիաներում իրենց դրած նոր տուն-տեղը, ֆաբրիկաները, կարի արհեստանոցները, փոքրիկ դարբնոցները, իրենց ապրուստի բոլոր միջոցները: Խելակորույս եկել էին Հայաստան, Հայաստանի այս կողմը, եկել էին, ու մնացել շվարած` «հայրենիքնիս աս է?, աման մանչս, հոս ինչ ընելու եկանք, ինչու եկանք», - մղկտում էր Արշալույս տատիկը, ով Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում էր թողել իր հսկա կարի ֆաբրիկան, հետը բերելով կարի մի քանի մեքենա, որոնք անմիջապես, Հայաստան հասնելուն պես ձեռքից վերցրել էին, թե դու քանի գլխանի ես, որ այսքան մեքենա ունենաս, սա սովետմիություն է, այստեղ բոլորը աշխատավոր են, դու ասում ես թե ֆաբրիկանտ ես, չկա այդպիսի բան, «նելզյա», վերջ,«Էս մեկն առ քեզ, մնացածը` սովետինն է»:
Նկարում պատկերված են իմ նոր վեպի հերոսները՝ Լեւոն եւ Գյուլունյա Եսայան-Ստեփանյանները/ամուսնուս՝ Լեւոն եսայանի պապն ու տատը՝ ցեղասպանությունից փրկվածները մի մեծ գերդաստանից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել