Yerkir.am-ը գրում է.
Արևմտյան Հայաստանի քրդացած և թուրքացած հայերը պատմում են իրենց նախնիների հայկական ծագման, 1915 թվականի և այսօրվա իրենց կյանքի մասին:
Տիգրանակերտցի Մեհմեդ
Ներկայացնեմ ինձ: Ես Տիգրանակերտի բնիկ հայերից Արթինի (Հարութի) աղջկա՝ Մարիամի որդի Մեհմեդն եմ: Տիգրանակերտի, որը Դիարբեքիրի հին անվանումն է, Քոնաջիկ գյուղից: Մենք, ինչ մեզ ճանաչում ենք, գիտենք, որ հայ ենք: Ամաչում էիք այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխող համակարգը մեզ այդպես էր կրթել: Ես Թուրքիայի քաղաքացի եմ, բայց թուրք չեմ, ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Իմ մանկությունն անցել է այս փողոցներում, այս եկեղեցու բակում: Սակայն սրանից երկու տարի առաջ այս եկեղեցի մուտք գործելու խոսք անգամ չէր կարող լինել: Տիգրանակերտի քաղաքապետարանի և հայ ժողովրդի ջանքերով այս եկեղեցին սկսեց գործել: Այս փողոցում մինչ վերջերս հայեր էին ապրում: Տիգրանակերտում բնակվող բազում հայեր, որոնք հիմնականում արվեստագետներ, արհեստավորներ և վաճառականներ էին, 1980-ականների վերջին լքեցին Տիգրանակերտն ու գնացին այլ վայրեր: Ես սրտանց մի բան եմ ուզում ասել` գուցե Հայաստանի իմ հայրենակիցները նեղսրտեն, բայց հատկապես ուզում եմ խոսք ուղղել Հայաստանի կառավարությանը: Մինչև օրս որտե՞ղ էիք: Դուք արդեն պետություն էիք, կայիք, մե՜նք ոչնչացանք, մեզ ոչնչացրին: Միջազգային հարթակներում ինչո՞ւ չբարձրացրիք մեր հարցը: Ինչո՞ւ մեզ տեր չեք կանգնում: Ինչո՞ւ ես չպետք է կարողանամ բարձրաձայնել իմ հայ լինելու մասին: Ես 50 տարեկան եմ: Հինգ տարի առաջ ես իմ հայ լինելու մասին չէի կարողանում խոսել: Այն հայերը, ովքեր շրջագայության համար գալիս էին այստեղ, ինձ օգնեցին այս մասին ավելի ազատ խոսել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնաց մեկ տարի, այս մասին նույնպես կցանկանամ մի քանի բան ասել: 1915 թվականին մորս մեծ հայրը հազիվ է կարողացել փրկվել, բայց նա մնացել է այստեղ: Իմ մեծ հայրն ապրել է 117 տարի: Այնքան էին վախեցրել, որ մինչև մահվան օրը այդ վախը նրա մեջ մնացել էր: Այնքան վախեցած էր, որ իր ունեցվածքի մասին անգամ չէր պատմում, բայց մենք գիտեինք: Այնքան վախեցած էր, որ 117 տարի մեզանից անգամ թաքցրել էր իր իսկական էությունը: Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի էլ` այո, Հայոց ցեղասպանությունը իրականացնողները թուրքերն ու քրդերն էին, բայց եկեք չմոռանանք նրանց, որոնց դրդմամբ իրականացավ Ցեղասպանությունը: Նրանց, ովքեր շոյեցին հայերի թիկունքը` ասելով՝ «մենք ձեր կողքին ենք» ու կոտորեցին: Կարճ ասած՝ գերմանացիները, անգլիացիները, ֆրանսիացիները չէի՞ն այն իրականացնողները: Ասացին՝ տեղահանություն, աքսոր և այդ անվան տակ ցեղասպանություն իրագործվեց: Ինչո՞ւ այս ամենի մասին դեռ չի խոսվում: Այսքանը բավարար չէ՞: Եթե բախտ վիճակվի` ցանկանում եմ այցելել Հայաստան, Երևան, տեսնել այդ հողերը:
Տիգրանակերտցի Արթինի թոռը
Ես Արթինի թոռն եմ` հայկական ծագում ունեցող և Տիգրանակերտում բնակվող մի ընտանիքի անդամ: Այստեղ բնակվող հայերի մեծամասնությունը արտահայտվելու խնդիր ունեն, որը կրթություն չունենալու հետևանք է, և ես էլ նրանցից մեկն եմ: Սկզբում մենք մեզ թուրք էինք կարծում, հետո՝ քուրդ, իսկ հիմա, վերջապես, գոնե մասամբ, բացահայտեցինք մեր հայկական արմատները: Կներեք` հուզվեցի… Շատ բան կա ասելու, բայց ի վիճակի չենք արտահայտվել: Օրինակ կարող եմ բերել: Ես 47 տարեկան եմ: Ինչ հիշում եմ՝ մեզ «բաֆըլա» էին ասում, այդպես են կոչում հայկական ծագում ունեցողներին: Դրանից երբեք վատ չենք զգացել, ընդհակառակը՝ ծանրակշիռ ենք եղել, մեր կեցվածքն ենք ունեցել: Մեր «բաֆըլայությամբ» էլ հպարտացել ենք և շարունակում ենք հպարտանալ: Մեր գերդաստանը մեծ է` մոտ 700 հոգի: Ինձ նման շատերը կան, բայց իրենք իրենց քուրդ են կարծում: Ես ինձ ավելի բախտավոր եմ համարում, որ, մասամբ գտնվելով քաղաքական շարժման մեջ, հայկական ծագումս կարողանում եմ ընդունել: Եղբայրս մինչև հիմա կարծում է, թե քուրդ է: Բայց վստահ կարող եմ ասել, որ կան ինձ նման հայկական ծագում ունեցող բազում «բաֆըլաներ», և բոլորը գիտեն այդ մասին:
Վաղը ապրիլի 24-ն է… Ապրիլի 24-ը մեզ համար ևս շատ իմաստալից է: Իմ ամենամեծ ցանկությունն է այդ օրը լինել Հայաստանում: Իմ պապիկի մահից հետո կարող եմ ասել, որ վանդակի մեջ հայտնվեցինք: Մեր արմատներից, լեզվից, հողերից կտրվեցինք: Իմ պապենական գյուղն այժմ գտնվում է ուրիշների ձեռքում: Հարստության մեջ աղքատ էինք ապրում՝ որբի պես: Կրկնում եմ՝ շատ կցանկանայի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, լինել հայրենիքում, այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



