1in.am-ը գրում է.

Հայ ծրագրավորողները մշակել են ամբողջ աշխարհի հայությանը սպասարկող «հայկական Lingvo» համակարգ, որը, ըստ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանի, կարող է կանխել սփյուռքահայ բնակչության և նրանց սերունդների հայերենի հետ կապի խզումը:

Գիտնականի խոսքով՝ մեզանում բազմաթիվ են դեպքերը, երբ այստեղից գնացածները պահանջում են իրենց բառարան ուղարկել: «Պետք է բառերը հասցնենք սփյուռքին: Բոլորս սովոր ենք ինչ-որ բան պահանջել կառավարությունից: Մենք բառարանը նվիրում ենք պետությանը»,- ասաց Էդուարդ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ վերջին 14 տարում աշխատանքներ են ընթացել բառարանի ստեղծման ուղղությամբ: Ինչ վերաբերում է համացանցային մյուս օնլայն բառարաններին, ապա, բանախոսի խոսքով, Google-ի բառարանի վրա չի կարելի հույս դնել, քանի որ շատ են սխալները, բացի դրանից՝ այդ բառարանն ստեղծողները խնդիր չեն դրել անսխալ բառարաններ ստեղծել: Նույնը վերաբերում է նաև «Վիկիպեդիային», որտեղ նույնպես հանդիպում են սխալներ: «Մեզ մոտ բառերը գուցե քիչ են, բայց ճիշտ են»,- համոզմունք հայտնեց նա:

Բանախոսն անդրադարձավ նաև հայրենական գիտության հարցում կառավարության որդեգրած ռազմավարությանը: Ըստ նրա՝ գիտնականները որոշակի ակնկալիքներ ունեն նորաստեղծ կառավարությունից և ակնկալում են «գիտության հանդեպ կիրառվող ոչ արդյունավետ պրակտիկայի վերանայում»: Որպես դրա դրսևորում՝ բանախոսը կոչ արեց ՀՀ ԳԱԱ-ին ակտիվորեն ներգրավել բառարանի ստեղծման աշխատանքներում: «Ակադեմիան պարտավոր է օգնել: Կարելի է տնից, աշխատանքի տեղից նստած լցնել բազան»,- ասաց բանախոսը՝ կարևորելով ակադեմիայի աշխատանքի ճիշտ կազմակերպումը: 

Նա կոչ արեց ԳԱԱ-ի թեմատիկ պլանների մեջ մտցնել բառարանի վրա աշխատանքները, որ աշխատակիցները համացանցի միջոցով բառեր մուտքագրեն բառարան: «Այն օղակները, որ կան ակադեմիայում, պետք է ճիշտ աշխատեն, մենք թեմատիկ գործիքները կտանք»,- առաջարկեց Էդուարդ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել