Lragir.am-ը գրում է.
Մի քանի տասնյակ կովբոյներ և հնդկացիներ ձիերով ակցիա են անցկացրել Վաշինգտոնի ազգային զբոսայգում, որից հետո վիգվամների ճամբար են խփել Կապիտոլիումի մոտ, տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Նրանք բողոքում են Keystone XL նավթամուղի նախագծի դեմ, որը Կանադայից ԱՄՆ պետք է ձգվի Մոնտանա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա և Տեխաս նահանգներով:
Ցուցարարները Վաշինգտոն են ժամանել ԱՄՆ Պետդեպի հայտարարությունից մի քանի ժամ անց, որում նշված է, որ շինարարության սկիզբը հետաձգվում է նախագծի վերագնահատման անհրաժեշտությամբ: Պետդեպը որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Նեբրասկա նահանգի դատարանն արգելել է նահանգի տարածքով անցկացնել նավթամուղը:
Հնդկացիները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել իրենց հողը, քանի որ նավթամուղն անցնում է հնդկացիական ռեզերվացիաների և իրենց համար սրբազան տարածքներով: Ֆերմերները նույնպես անհանգստացած են, որ նավթամուղի շինարարությունը վնաս կհասցնի իրենց դաշտերին ու արոտավայրերին:



