Civilnet.am-ը գրում է.
Եկա տուն, ասացի՝ ծանր օր էր, գնացել էի Գավառ՝ կնոջ ծեծի ու խոշտանգման գործով դատավարության: Ու միանգամից հնչեց հարցերի հարցը. «Բա խի՞ էր ծեծել»:
Սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է, ապրելակերպ, արժեքային համակարգ, որ բնորոշ է մեր հասարակությանը ու կարմիր գծով անցնում է դատական նիստից մյուսը, արտահայտվում բռնարարի, նրա ընտանիքի, ընկերական թայֆայի, մոր՝ բախտագուշակի կլիենտների ու էլի այլ վկաների կողմից:
«Հասմիկի մարմինը սաղ ֆուռունկուլ էր [այս բառն էլ՝ բժշկական բառարաններից էին պեղել, ասել կուզեին՝ չիբան ուներ], էտի սաղ թարախի մեջ կորած էր»: Հինգժամանոց դատավարության ընթացքում ֆուրունկուլին, դրա կառուցվածքին ու տեսքին, դրա սպիի ու ծխախոտով այրվածքի սպիի տարբերությանը, բռնարարի ֆուրունկուլատյացությանը, բռնարարի քրոջ՝ ֆուրունկուլագիտությանը նվիրվեց շուրջ երկու ժամ, մինչդեռ դատավարությունը առանձնակի դաժանությամբ և տևական ժամանակ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնարարքներ կատարելու մեղադրանքին էր վերաբերում:
Ֆուրունկուլաքննարկումը շատ լավ բնութագրում էր այդ հարցերի հարցի տրամաբանությունը, այդ ենթադրությունը, որ պետք է դատարանին հետաքրքրի՝ տուժողը ֆուրունկուլ ունե՞ր, թե՞ խալ, անդրոգեն հորմոննե՞րն էին շատ, թե՞ էստրոգեն, երեխաներին լա՞վ էր դաստիարակում, թե՞ վատ, սալաթը համե՞ղ էր պատրաստում, թե՞ անհամ, սկեսրոջ հարյուրավոր կլիենտների համար սուրճ եփո՞ւմ էր, թե՞ ոչ, հլու հնազանդ ստրո՞ւկ էր, թե՞ ձայն ուներ, ծեծվելիս մեկ-մեկ գոռում էր, ամոթ-աբուռ ունե՞ր, թե՞ անամոթի պես տունը քանդում էր, սաղին խայտառակ անում:
Ախր պարզից պարզ է, որ այս ամենը կապ չի կարող ունենալ մարդու արժանապատվությունը ոտնահարելու, ֆիզիկական անձեռնմխելիությունը խախտելու, վերջապես՝ մարդու կյանքին սպառնալու մեղադրանքի հետ, բայց եկեք ու տեսեք, որ մի հրեշավոր արարածի պաշտպանության համար նրա ողջ թայֆան՝ հարազատներով հանդերձ, ջանադրաբար բռնել է կին արարածին (և ոչ պարզապես իրենց հարսին) ստրկացնելու ու նվաստացնելու ուղին, նրան այլ կերպ չեն կարողանում չեզոքացնել, ստիպել, որ հրաժարվի մեղադրանքից, ետ գա բռնության իրենց զնդանն ու նորից խոշտանգվի, նրան ուզում են նահապետական իրենց հայացքներից ժայթքող ատելությամբ ու կնատյացությամբ ստորացնել կրկին ու կրկին, նույնիսկ՝ դատարանում: Կին արարած ես, պիտի միշտ ստրուկ լինես ու նույնիսկ եթե ամուսինդ քեզ ծեծում ու ձեռքերդ սիգարետով այրում է, փաստացի ապրում է այլ կնոջ հետ ու ոչ ոք դա չի թաքցնում, ամուսնուդ թայֆայի համար դա նորմալ բան է, իրենք էլ ամուսնացած են ու ունեն «ընկերուհի», միևնույն է, դու իրավունք չունես դատարանում պատիժ պահանջել: Ամբաստանյալի աթոռին նստած ճիվաղը պատրաստ է քեզ նորից ծեծել, դեռ մի բան էլ ավելին՝ քեզ ուղեկցող, քո ճակատագրով մտահոգ կանանց էլ պատրաստ է «ծըծըցնել»:
Մի բան պիտի փոխվի բոլորի գիտակցության մեջ, որ աշխարհում ՈՉԻՆՉ չի կարող արդարացնել բռնությունն ու ազատել պատասխանատվությունից, նույնիսկ՝ ֆուրունկուլը…