0

Ես վաղուց էի թաղել նրան, չնայած ամեն օր այցելում էի իրեն: Սկզբում, երբ դեռ չէի թաղել, նստում էի նրա կողքին, լուռ արտասվում, նայում խունացած փշրանքներին ու չէի ցանկանում թաղել նրան: Նա արդեն մահացել էր, իսկ ես չէի հասկանում դա: Երբեմն թվում էր` ողջ է, շնչում է, կենդանի է, ու հենց այդ վախից չէի կարողանում թաղել նրան: Թերևս չէի թաղել, բայց ամեն օր ծաղիկներ էի տանում նրան: Դնում էի կողքին ու արտասվում, որ չի տեսնում ծաղիկներս: Ախր նա այդպես պառկած էր, մոռացել է երևի, թե ո՜նց էի փայփայում իրեն, նվիրվում ամբողջ հոգով, որովհետև հոգիս հավերժ է, իսկ  սիրտս մի օր կմեռնի…

Եվ վերջապես մի օր նա արթնացավ: Արթնացավ ու կանչեց ինձ, որովհետև կարոտել էր: Պարզապես կարոտել: Նա ինձ երբեք էլ չէր սիրել, գուրգուրում էր, բայց չէր սիրում, նրան պարզապես դուր էր գալիս, որ այդքան նվիրված էի իրեն: Ծաղիկներ այս անգամ չտարա. վախեցա, որ կմտածի, թե իսկապես այդքան ժամանակ մահացած է եղել, չէ, ավելի շուտ քնել է, ձևացրել, այլապես չէր արթնանա…

Ես տեսա նրան: Երանի՜ չարթնանար, երանի չտեսնեի սառած աչքերը, չզգայի սառը մատները, երանի մտածեի, որ մահացել է, ու չթաղեի նրան, երանի չսիրեի այդ անձը, որ անգամ մահվան մահճում վանում էր ինձ իրենից, որ ինձնից փրկություն աղերսեց ու ստացավ, որ ստանալուն պես սառեց ու մահացավ: Ուշադիր նայեցի նրան: Էլ չի կարողանում սպանել ինձ… Որովհետև ես պատրաստվում էի թաղել նրան: Նա իր ամեն շարժումով ու բառով ինձ ցույց տվեց, որ ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան նա կմահանա ու կթաղեմ իրեն:

Ու ես հասկացա, որ հոգնել եմ ու հոգնել է նա, որ ամբողջ աշխարհում ինձ մնացել է մի ցավ, որ պիտի հանեմ իրեն թաղելով միայն: Ես զգացի, որ խեղդում եմ իրեն` միաժամանակ խեղդելով ինքս ինձ: Նայեցի նրա ծով աչքերին, համբուրեցի մեռած շուրթերը, և մատներս օղակեցին նրա պարանոցը: Ես խեղդում էի նրան, բայց ինքս ցավից գոռում էի: Նա փորձեց ազատվել ձեռքերիցս, բայց ես չափազանց ամուր էի բռնել: Նրա աչքերում թևածում էր վախը, արցունքներս հոսում էին ու կաթկթում նրա դեմքին, շուրթերին, ձեռքերին, որ ճանկռում էին իմ ձեռքերը…

Անշնչացավ անմիջապես: Ինձնից շատ ժամանակ ու ջանքեր չպահանջվեցին նրան սպանելու համար: Ձեռքերն ընկան ներքև: Նա պառկած էր` վախը աչքերում ծվարած, շուրթերը` կիսաբաց, մի ձեռքը` ներքևում ընկած, մյուսը` կրծքին: Մոտեցա, համբուրեցի շուրթերն ու ծաղիկները դրեցի կրծքին: Այնքան գեղեցիկ ու կենդանի էր այդպես…

Երբեք հողն այդքան արագ ու գեղեցիկ փորած չկայի…. Նրան նույն դիրքով իջեցրի փոսը: Մի վերջին անգամ նայեցի նրան, որ երբեք հիշողությունիցս չջնջվի այդ տեսարանը: Ծածկեցի նրան հողով ու նստեցի կողքին: Հևում էի, քրտինքս ծորում էր ճակատիցս, թույլ սարսուռ պատեց մարմնիս ու ես ….Ես թաղեցի նրան… այդ նա էր` սերս….. ու ես հասկացա, որ նա իսկապես մահացավ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել