Մենք, որպես մարդ, որպես Արարչաստեղծ տեսակ, որպես Ազգ, խաչ ենք քաշել մեր ինքնության պահպանման անհրաժեշտության, մեր լինելիության նպատակայնությունների կարևորման վրա: Մենք կորցրել ենք մեզ համար նախանշված միակ ճշմարիտ ուղին և առաջնորդվելով զուտ սովորույթներով ու բնազդներով, բռնել ենք ինքնաոչնչացման ճանապարհը: Հերիք է նայել մեր առօրյային, մեր ընդօրինակած արժեքներին, եկեղեցական և պետական միջոցառումների անցկացման տրամաբանությանը, հասկանալու համար, թե որտեղ ենք մենք, անկման ինչ աստիճանի ենք հասել և ուր ենք գնում…
Հոգևոր թե աշխարհիկ մեր բոլոր տոները, հանրային, պետական կամ մասնավոր ամենատարբեր միջոցառումները, միշտ նույն սցենարով են իրականացվում: Իրադարձության բուն էությունն արհամարհած՝ մեզանում ամենուր գերակայում են իմաստազուրկ երևութաբանություններն ու սովորութային ձևականությունները, կեղծ մոմավառություններն ու սուտ բաժակաճառերը, փարիսեցիական մաղթանքները, անհետևանք հորդորներն ու դատարկ փառաբանությունները: Եվ այս ամենն ուղեկցվում է համատարած աղմուկ-աղաղակով, ինքնագոհ ու անհեթեթ գովասացություններով:
Ահա Զատկի տոնն էլ անցավ նույն՝ ձևական տրամաբանությամբ: Եկեղեցականները մեզ հայտնեցին մեր տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության լուրը, պատմեցին, թե ինչպես էր Հուլիանոս կայսրը հալածում քրիստոնյաներին… Հիշեցրեցին Եսայու մարգարեությունը…. Հղումներ արեցին Մաթտեոս Ավետարանչին… Բացատրեցին, թե ինչ խորհուրդ ունեն Զատկի սեղանին դրված ձուն, ձուկն ու գինին, փլավի միջի չամիչներն ու բրնձահատիկները …և այլն, և այլն:
Շատերս այցելեցինք եկեղեցիներ, մոմեր վառեցինք … ժողովուրդս ետին և հանրապետությանս մեծամեծերն աղոթարաններին հնարավորինս մոտ՝ առաջին շարքերում, համակ ուշադրությամբ լսեցինք վեհափառ հայրապետի քարոզը Տիրոջ փրկագործությամբ պարտություն կրած չարի մասին: Նրանից իմացանք, որ հասարակություններն ու պետությունները չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե իրենց կյանքը չհաստատեն հոգևոր-բարոյական արժեքների վրա…Եվ որ կարևոր է անձնական շահը չտարբերել երկրի ու ժողովրդի շահից…Եվ որ մենք, հագած լույսի զրահը, իբրև Տիրոջ Հարությամբ ցնծացող, տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ հաղթական կռվի պիտի ելնենք… և այլն, և այլն:
Ինչ արժեք ունեն այս խոսակցություններն ու ավետարանական պատմությունները, կաթողիկոսական սրտառուչ բարեմաղթանքներն ու հորդորները, Զատկի սեղաններին մեր կերած ձուկն ու խմած կարմիր գինին, եթե ազգովի՝ աշխարհիկ և հոգևոր մեծամեծերից սկսած մինչև նվաստագույններս, շարժվում ենք Տիրոջ մատնանշած Ուղուն հակառակ, ուր մշտնջենական ստի ու կեղծիքի բոլորիս վաղուց արդեն հարազատ դարձած մթնոլորտում, ինքներս մեզ հռչակելով հայ-քրիստոնյա, մեր գործերով, մեր ապրած կայնքով, մեր ողջ էությամբ ծառայում ենք մամոնային: Մենք ոչինչ չենք անում Տիրոջ հորդորներով շարժվելու, մաղթանքներն իրականություն դարձնելու, անձնապես վերափոխվելու, առավել կատարյալ դառնալու ուղղությամբ: Եվ եթե մենք աղոթարանների առաջին շարքերում նստած, Նրա Հրաշափառ Հարությունն ենք պանծացնում, հարաժամ մեր գործունեությամբ ճիշտ հակառակն անելով, ապա ո՞վ ենք մենք այսքանից հետո… Խաչո՞ղ ենք, թե խաչից իջեցնող, խաչի վրա թքո՞ղ ենք, թե խաչը սիրող, կռապա՞շտ ենք, թե խաչապաշտ և վերջապես ոչ թե խոսքով, այլ մեր ապրած կյանքով, Արմագեդոնի մահ ու կենաց կռվում ՆՐԱ՝ ԼՈՒՅՍԻ՞ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ շարքերում ենք, թե խավարը պաշտողների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել