1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում կասկածի են ենթարկել մատնահետքերի եզակիությունը՝ գրում է The Telegraph-ը: Նման հայտարարություն է արել Մայք Սիլվերմանը, որը Սկոտլանդ Յարդում մատնահետքերի հետ աշխատանքի առաջին ավտոմատացված համակարգի մշակողն է:
Նրա խոսքով՝ հանցանքի վայրից մատնահետքեր վերցնելու տեխնոլոգիան նախկինի պես անկատար է մնում:
Ավելին՝ հաճախ այնտեղից վերցված մատնահետքերը բավականին անհստակ են, ինչի հետևանքով սխալների հավանականություն է առաջանում:
«Մատնահետքերը եզակի են, սակայն միևնույն ժամանակ նման, և առկա տեխնոլոգիաների անկատարության պատճառով հաճախ տեղի են ունենում սխալներ»,- ասել է Սիլվերմանը:
Նրա խոսքով՝ կասկածյալի ինքնության բացահայտման միակ հստակ մեթոդը ԴՆԹ թեստն է, որն էլ հենց պետք է օգտագործել մարտնահետքեր վերցնելու փոխարեն:
Այնուհանդերձ, մի շարք պատճառներով նման թեստերը զանգվածային կիրառման համար դեռևս չափազանց թանկ են, ինչի պատճառով էլ ոստիկանները ստիպված են լինում աշխատել հին ձևով: