Տենում եք ոնց ա ճարտար խոսում քաղ.գործիչը

Էտի էշերի համար նենց գրավիչ ա,

Ինչքան էլ ինքը բիճ ա,

Մեկա կյանքում տենց էլ չի ջոգի,

Թե ով ա երկրագնդի իսկական կառավարիչը…
HT Hayko "AntiSysteM"


Հայ ժողովուրդը, իրեն առաջադեմ համարող համայն մարդկության հետ միասին, այսօր կամա թե ակամա, հայտնվել է մի այնպիսի վիճակում, որտեղից ելքերը չափազանց դժվար են նշմարվում: Այսօրվա մարդուն թվում է, թե իր կյանքի համար հաստատված բոլոր ուղենիշները, որոնցով նա առաջնորդվում է, կենսակերպը, որով ինքն այսօր ապրում է, որդեգրած արժեքային համակարգը, որտեղ իր համար որպես գլխավոր են հռչակված նյութական բարեկեցությունն ու մարմնավոր բաղձանքների բավարարումը, հոգևոր որևէ լիցքից զուրկ և զուտ բնազդներին ապավինած այս գոյությունը, ինքն է ընտրել և այն մարդկային քաղաքակրթության առաջընթացն ապահովող ամենակատարյալ և միակ ճշմարիտ ուղին է: Մարդկության այս վիճակը հիշեցնում է 2000-ների սկզբներին էկրաններ բարձրացած Հոլիվուդյան “Մատրիցա” ֆիլմը, որտեղ մարդկանց մեծամասնության համար գոյություն ունեցող իրականությունը, “համակարգի” կողմից նրանց ճնշելու և հնազանդեցնելու նպատակին ուղղված փաստացի կեղծագործություն է, ինչի հետևանքով մարդկությունը, իր կամքից անկախ, մղվել և մտովի ապրում է վիրտուալ երազների աշխարհում, իրականում գտնվելով կոյուղախյուսի մեջ և “համակարգի” համար ծառայում է ընդամենը որպես վառելանյութ` էներգիայի աղբյուր:

Ահա այսօր էլ, մարդկության գործունեությունը, նրանց առօրյա կյանքը, կարծես, այս ֆիլմի սցենարին նմանվող սցենարով է ընթանում: Այս առումով կարող ենք փաստել, որ համայն մարդկության նկատմամբ իրականացվել և իրականացվում է նրա գոյության ընթացքում կատարված մեծագույն և ամենամասսայական բռնությունը`մարդն այսօր զրկված է Արարչի կողմից իրեն շնորհված կարևորագույն հնարավորությունից` ազատ կամքից ` ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ընտրություն կատարելու իրավունքից : Իրականում նրա գործունեությունը կանխորոշված է “համակարգի” կողմից և նա` “համակարգը”, մարդուն այդ մտացածին երազների աշխարհի մեջ խցկելու և ընդամենը անվերջ սպառելու ցանկությամբ համակված արարածների վերածելու նպատակով, օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները: Հեռուստատեսության, կինոինդուստրիայի, զանազան շոուների, ինֆորմացիայն միջոցների, հասարակական և պետական կոչված կառույցների և այլնի, կամովի կամ իրենց կամքից անկախ ողջ գործունեությունը, ուղղված են հենց այս նպատակին:
Շատ քչերն են զգում, որ հենց մատրիցան է մարդուն թելադրում , թե ինչ կյանքով նա պիտի ապրի:

Յուրաքանչյուրը, ինչպես ֆիլմում է, խցկված է իր վիրտուալ երազների աշխարհի` իր մատրիցայի մեջ: Մարդկանց մեծ մասին նախացուցված է ուտել, խմել, զվարճանալ, այցելել գիշերային ակումբներ, ֆիթնեսներ և այլն, այսինքն ապրել դատարկ, ցոփ ու շվայտ կյանքով և (կամ) մտածել միայն այդպիսի կյանքով ապրելու մասին: Մյուսներին, որոնց ըստ իրենց հոգեկերտվածքի սա չի բավարարում, մեկ ուրիշ` չափազանց կարևոր “առաքելություն” է մատուցված: Պաշտպանել մարդկանց որոշակի խմբերի` ասենք համասեռամոլների “ոտնահարված” (իրականում վիճելի է, թե ով ում իրավունքներն է ավելի շատ ոտնահարում) իրավունքները, մյուսներին`ընտանի և գյուղատնտեսական կենդանիների շահերը, այլոց` գենդերային քաղաքականության խնդիրները (նման կազմակերպությունների քանակը, կարծում եմ, վաղուց արդեն գերազանցել է իրական պաշտպանության կարիք ունեցողների թվաքանակին), ուրիշներին` քաղաքային տրանսպորտով նստած երթևեկելու մարդկանց իրավունքի պաշտպանությունը, և այս ցանկը կարծես անվերջ շարունակելի է, մանավանդ, որ “համակարգը” այս ամենի համար նաև շռայլորեն վարձատրում էլ է: Զարհուրելին այն է, որ այս տարաբնույթ հասարակական- քաղաքական կազմակերպությունների գործունեությունը, հակառակը, ավելի նպաստում է այն երևույթների ներդրմանը, զարգացմանը, որոնց դեմ իրենք “պայքար” են ծավալում, սակայն սա այլ խոսակցություն է: Կարճ ասած, մատրիցան ամեն մեկին ըստ իրենց նախասիրությունների մի բանով զբաղեցրել է` սկսած անբովանդակ, դատարկ սերիալներ դիտելուց, քննարկելուց մինչև պետական կառավարման գործընթացներին “մասնակցություն” ունենալը:
Ինչ ուզում ես արա, ասում է մատրիցան, միայն քեզ ներկայացված Աշխարհի մոդելի սահմաններից հանկարծ դուրս պրծնելու փորձեր չձեռնարկես, հանկարծ մտքովդ չանցկացնես թույլատրվածից ավելի ընդլայնել աշխարհաճանաչողության քեզ համար հաստատված սահմանները, մարդկության գոյության այլ` ավելի կենսունակ և մարդու համար առավել գրավիչ և ընդունելի ձևեր հանկարծ չփնտրես, չառաջարկես: Դու միայն վայելիր կյանքը կամ երազիր վայելքների մասին և անպայման ինչ որ բան գնիր, կարևոր չէ թէ ինչ, միայն գնիր, միայն բավարարիր մատրիցայի կողմից քեզ ներարկված ունենալու քո անհագ ցանկությունը` չէ որ դու ներկա “սպառողական քաղաքակրթության” կարևորագույն մասնիկն ես ու նրա նեցուկը և առանց քո մասնակցության կփլվի աշխարհաքաղաքական ողջ այդ համակարգը:

Ամեն բան կարելի է և թույլատրված, միայն թե Աստված մի արասցե հայացք ձգես հոգուդ խորքերը , դա չափազանց վտանգավոր է, այդ հզոր ռեսուրսներից չի կարելի օգտվել, քանզի այն քեզ թույլ կտա հասկանալու, թե որտեղ ես դու քո կամքից անկախ հայտնվել, դա կփոխի ամեն ինչ, կփոխվի քո աշխարհայացքը, կփոխվի քեզ շրջապատող աշխարհը, վերջապես կփոխվի համաշխարհային կառավարման այս համակարգը, դու կազատագրվես այդ չարաբաստիկ մատրիցայից, որում քո կամքից անկախ հայտնվել ես, կազատվես մշտապես ուրիշի աննկատ թելադրանքով կյանքդ իզուր վատնելուց, դուրս կգաս այդ սուրագատային մարդու պատյանից և կապրես մարդ մարդուն վայել կյանքով, վերջապես կհասկանաս, թե, ինչ է իրական Աշխարհը, Մարդկությունը, Մարդը, ինչ է իսկական Ընտանիքը, ինչ է Հայրենիքը, Ազգը, նրա Արարչական Առաքելությունը և այլն: Քեզ մոտ կձևավորվի այլ, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ քո կամքից անկախ քո վզին փաթաթված այս հոգևոր դատարկությունը, որը քեզ վեր է ածել միայն սպառելու մասին երազող մարդ- կենդանու, կփոխարինվի Արարչաստեղծ մարդու էությունից բխող ՃՇՄԱՐԻՏ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել