Մամուլում ու  ֆեյսբուքում մի տեսակ իշխանական պախարոննի ա գնումHraparak.am-ը գրում է.

Մամուլում ու  ֆեյսբուքում մի տեսակ իշխանական պախարոննի ա գնում՝ ասես հեսա հա՜ իշխանությանը՝ պաշտոնակատար նախարարների հետ վերցնելու են: Ով էլ ֆեյսբուք է մտնում, մի ծաղկեպսակ է բերում, որ թաղումն ավելի իրական լինի: Դե էսինչը մեռած է որ մեռած, երեսին գույն չկա, լրագրողների ոչ մի հարցին չի պատասխանում: Էնինչն էլ դագաղից դուրս է եկել ու փախչել: Մոտավորապես այսպիսի տպավորություն եմ ստանում Արթուրի՝ ՀՀԿ-ից առանձնանալուց: Նույնանման տպավորություն եմ ստանում՝ Օրինացի նախարարների կուսակցական դագաղից փախչելուց: Էն Աշոտյանն է իրեն շատ թիթիզ պահում. տնաշեն, չգիտե՞ս, որ արդեն պախարոննին դրել են, ոտերդ մեկնիր ու պառկիր, ի՞նչ ես թռվռում: Մեկ է՝ ինչ էլ անես, արդեն ամեն ինչ պատրաստ է, վերցնելու ենք: Պատկերացրեք, այդ պախարոննուց հետո, երբ ուզենք իշխանությանը վերցնել ու տեսնենք, որ բոլորը սաղ- սալամաթ են, մեզ հետ ի՞նչ է լինելու: Մի միլիցիա /ոստիկանը թող Վովան ասի/  ծանոթ ունեմ, որը հիմա շատ լավ  պաշտոնի է, բայց ոչ ոստիկանության ցանցում, մի անգամ անկեղծացավ, ասաց, որ գիշերը մենակությունից վախենում է: Ու պատճառն ասաց: Պարզվում է, որ մի անգամ դիահերձարան է մտել, որտեղ երկու մեռել են եղել ու պատրաստվում էին հերձել:  Մեռելների միջով անցնելուց, մի մեռելը ոտքից բռնել ու քաշել է: Էդ օրվանից վախը մտել է ոսկորի մեջ ու դուրս չի գալիս: Մեռելներին չի հավատում ու վախենում է, որ վեր կկենան տեղներից:

Հիմա մենք մե՞ղք չենք: ՀՀԿ-ն մեռե՜լ է, հա՜ մեռել է… թուլացել է, հա թուլացել է, կազմաքանվում է հա՜ կազմաքանդվում է, հերձում են, հա՜ հերձում են…  Ոնց որ Թումանայանի Սուտլիկ որսկանը լինի.

«Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

-  Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի»։

Հիմա ուզում եմ հաստատ իմանալ՝  իշխանությունը մեռա՞ծ է, թե դեռ բերանում շունչ կա: Թե մեռա՞ծ է, ինչու՞ չեք վերցնում, թե՞ սաղ է՝ ինչու՞ ենք այս օրին: Մեկ էլ մի բան՝ վերջին տարիներին ինչ հիշում, ասում եք՝ հեսա հա՜ վերցնելու ենք: Հայկական ադաթով ախր մեռելին երեք օրից ավել չեն պահում, սա ի՞նչ խաբար է…

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել