Newsbook.am-ը գրում է.
Հրանուշ Հակոբյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի տարածած հաղորդագրությունն, իհարկե, մի կուշտ զվարճանալու և ներքաղաքական վերջին ցնցումները գոնե ժամանակավորապես մոռանալու առիթ է:
Սակայն ամբողջ հարցն այն է, որ «Օ՜ Հրանուշ Հակոբյան, օ՜, վելիկայա Մագդու» բովանդակությամբ նամակը զուտ անհաջող շնորհավորական ուղերձ չէ, այլ երկրիս քաղաքական անցուդարձի, պաշտոնանկությունների և պաշտոնների նշանակման հիմք և շարժիչ ուժ:
Գաղնիք չէ, որ պալատական շատ խժդժությունների և առանձինների առաջխաղացման առիթ են հանդիսացել ՀՀԿ-ական խնջույքների ժամանակ ասված կենացները՝ նայած, թե ինչպիսի ջանասիրությամբ է սազանդարը գովաբանել առաջնորդի բոյ-բուսաթը, խելքն ու շնորհքը, մարդկային չտեսնված-չլսված որակները:
Եվ եթե կենացը կպել է քծնանքի թիրախի սրտին, ապա սազանդարը շատ մոտ ապագայում անկանխատեսելի թռիչք է ապահովել քաղաքական կարիերայում:
Կարճ ասած՝ ՀՀԿ-ում կենացը քաղաքական կատեգորիա եղել է ու կա: ՀՀԿ-ին հաջողվել է փչացնել անգամ սեղանի շուրջ իրար հետ զրուցելու, միմյանց կարևոր բաներ ասելու խիստ մարդկային այդ սովորույթը: Ու չկա իրեն հարգող մի ՀՀԿ-ական՝ ամենաստորին էշելոնի չինովնիկից մինչև «վոինը», ով գոնե մեկ անգամ չի օգտվել սեղանի շուրջ շեֆի աչքը մտնելու և քծնանքի միջոցով անձնական խնդիրները լուծելու այդ հնարավորությունից:
Ամեն դեպքում, պետք է նկատել, որ ոչինչ այնպես չի տապալում մարդուն, որքան նրա հասցեին հնչած գովաբանությունը: Այդ ընթացքում մարդը սովորում է քծնանքին, կորցնում իրականության զգացումը և չի էլ զգում, թե ինչպես են հողը փախցնում նրա ոտքերի տակից հենց նրանք, ովքեր խնջույքներին յուղոտ մատներով բաժակ են բարձրացրել և թմրացրել նրա գիտակցությունը:
Այնպես որ, չի բացառվում, որ Հրանուշ Հակոբյանի ղեկավարած կոլեկտիվն իրենց շեֆին նվազագույնը՝ ծիծաղի առարկա, առավելագույնը՝ մահվան եզրին հասցնելն է եղել:
Մարինա Բաղդագյուլյան