Ձվային շուկան վերահսկող պաշտոնյաները կրկին սկսեցին հավաստիացնել, թե այս ոլորտում «գնային չարաշահումներ չեն լինի», այս անգամ Սուրբ Զատկի կապակցությամբ: Ներկրվող հավկիթներին պետականորեն «ջիհաթ» են հայտարարել (այն բանից հետո, երբ տեղական արտադրողներն սկսեցին նվնվալ, թե ներկրվող ձվերն իրենց գործին «խփում» են), տեղական հավկիթներն էլ դեռ անցած տարվանից են կրկնակի թանկացել (գազի գնի, թռչնակերի գնի բարձրացման պատճառաբանությամբ), ու էլի թանկացնե՞ն...Չհասկացանք, ոնց որ «թասիբի» գցելիս լինեն տեղական արտադրողներին կամ ժողովրդին մխիթարելիս. իբր՝ «տեսնու՞մ եք՝ ինչքան բարի ենք, ճիշտ է, էլ նախորդ տարվա նման 30-50 դրամով չենք ձու վաճառում, այլ՝ 60-80-ով, բայց ուրախ եղեք, որ ավելի շատ չենք բարձրացնում ու, օրինակ, դարձնում 100դրամ»: Այն բանից հետո, երբ ՏՄՊՊՀ-ն հայտնեց, թե ժամկետանց ձու է հայտնաբերել անգամ պահեստներում, եւ ոչնչացրել է, Վանաձորի խանութներից իսպառ վերացան ներկրվող հավկիթները (Չլինի՞ Պուտինն ասել է՝ «չըլնեմ-չիմանամ՝ ուկրաինական ձու եք ծախել ...»): Մի՞թե սա տեղական արտադրողների կողմից մենաշնորհային դիրքի ապացույց չէ՝ ներկրողների նկատմամբ: Իսկ մարտի կեսերից սկսեց թանկանալ ձկնեղենի գինը: Դրան էլ, հավանաբար, նպաստեց այն, որ ԱԺ ամբիոնից անընդհատ հարցեր էին հնչում, թե արդյո՞ք ձկնեղենը չի թանկանալու: Վիետնամից ներկրվող «Պանգասուս» տեսակի ձուկը՝ 1կգ-անոց տուփերով, եթե 1 ամիս առաջ վաճառվում էր 1000 դրամով, ապա ներկայումս՝ 1300դրամով: «Տուփերն էլ իբր 1կգ են, բայց տարել եմ տանը կշռել՝ 850 դրամ են: Մի ժամանակ 7 կտոր էին դնում, հետո դարձրին՝ 5, մի օր էլ տեսնեմ 4 կտորանոց է տուփը» նկատում է տնային տնտեսուհիներից մեկը: Ենթադրվում է, որ այս ձկան փաթեթավորումը Հայաստանում է արվում, եւ երբեմն գնի բարձրացումն արվում է նաեւ հատաքանակի պակասեցման հաշվին, թեպետ վաճառողները հավատացնում են, որ քաշն անփոփոխ է մնում: Այս թանկացումն էլ, թերեւս, արվել է տեղական 1500-2000-դրամանոց ձկան շահերից ելնելով: «Դե էն վախտը 1000 դրամ էր, արդեն դառել ա 1300»,- այսպես պատճառաբանեց վաճառողներից մեկը «Պանգասի» գնի բարձրացումը, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում «էն վախտը». այսինքն՝ մինչեւ Զատիկին նախորդող ամի՞սը, թե՝ մինչեւ Մաքսային միություն մտնելու պատրաստությունները, քանի որ պետական մակարդակով էլ է ասվել, որ Մաքսային միություն մտնելուց հետո կթանկանան այն ապրանքները, որոնք ներկրվում են այդ միության մեջ չմտնող երկրներից: Դե «մերոնք» էլ, հավանաբար, որոշել են մի հատ մինչեւ մաքսային մտնելը թանկացնեն, մի հատ էլ՝ մաքսային մտնելուց հետո: Ի դեպ, թանկացել է ոչ միայն Զատկի խորհրդանիշ ձուկը: Մեկ ամիս առաջ կտրուկ բարձրացավ բանջարեղենի գինը: Եթե անգամ Նոր տարվա նախօրեին կաղամբի 1կգ-ն 100-150 դրամ էր, ապա մարտի սկզբից անսպասելիորեն դարձավ 300-350 դրամ: Զատկի հետ որեւէ կապ չունեցող կարտոֆիլի 1կգ-ն էլ տեղ-տեղ հասնում է 200-250 դրամի (ըստ այդմ, զատկական գնումներ կատարող գնորդների անուշադրությունից նեղված մի վաճառող ինքնիրեն մենախոսելով՝ ասաց. «Էս էրկու օրն էլ ձու կերեք, տենանք եդով ինչ տեք ուտիլ»): Գազարի ու ճակնդեղի 1կգ-ը, որ Նոր տարվա շեմին 100-150դրամ էր, դարձել է 250-300 դրամ... Թերեւս, կարկուտից տուժած գյուղացիները որոշել են կորուստը փոխհատուցել գների բարձրացումով, եւ կամ էլ՝ վերավաճառողներն են իրենց ձմեռային թանկացած կոմունալ վարձերն այդ կերպ փոխհատուցում: Իսկ թե ինչի հետ կապ ունի անհայտ ծագման աղացած մսի գնի բարձրացումը՝ հասցնելով 2000դրամի (նախկին 1300-ի փոխարեն), դժվար է ասել. եթե Հնդկաստանից ներկրվող գոմեշի միս է, ուրեմն՝ կրկին այն մտայնությամբ են առաջնորդվել, ինչ-որ ներկրվող ձկան պարագայում. մի հատ հիմա են գին բարձրացնում, մի հատ էլ՝ Մաքսային միություն մտնելուց հետո: Ընդհանրապես, միակ էժանացումը Ռուսաստանից ներկրվող ձեթի պարագայում է, դա էլ, հավանաբար, սպառման ժամկետների հետ կապ ունի, թե չէ սկսած ներկրվող մրգերից՝ վերջացրած տեղական կաթնամթերքով՝ ինչ կա-չկա թանկացել է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ