1in.am-ը գրում է.
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ավագ Ուրբաթը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տոնի խորհուրդն է ներկայացնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Ղևոնդ քահանա Մայիլյանը:
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց Դրախտից:
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. ԻԶ 47-ԻԷ 56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Նշենք, որ Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին, և այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհում Զատիկը կնշվի միևնույն օրը:



